Հիրոյոսի Սեգավա. առաջին ճապոնացին, որը խորապես ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությունը
Միջազգայնագետ-ճապոնագետ, տ․գ․թ․ Աննա Վարդանյանը և ի․գ․թ․, դոցենտ Ավետիք Հարությունյանը ներկայացրել են հոդված ճապոնացի իրավաբան, միջազգայնագետ Հիրոյոսի Սեգավայի՝ հայերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ գործունեության մասին: Սեգավան առաջին ճապոնացին է, որը խորապես ուսումնասիրել է Հայոց ցեղասպանություն թեման և ներկայացել սեփական հետազոտությամբ ճապոներեն լեզվով:
Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի պատմությունը աշխարհին այնքան էլ հայտնի չէ,
ցեղասպանությունը ողբերգություն է,
որը տալիս է Հայոց պատմությունը հասկանալու բանալին:
Հիրոյոսի Սեգավա
Հիրոյոսի Սեգավան առաջին ճապոնացին է, որը խորապես ուսումնասիրել է Հայոց ցեղասպանություն թեման և ներկայացել սեփական հետազոտությամբ ճապոներեն լեզվով։ Գնահատելի է, որ հեղինակն ուսումնասիրությունը կատարել է անաչառ, վերլուծել այն իրավագետի տեսանկյունից և կոչել իրողություններն իրենց անուններով՝ այն է` ցեղասպանություն։ Պրոֆեսոր Հիրոյոսի Սեգավան մասնագիտությամբ իրավագետ է, ուսումնասիրել է միջազգային իրավունք: Դոկտորանտուրան ավարտելուց հետո երկար ժամանակ նրա հետաքրքրության կենտրոնում է եղել «Ցեղասպանության նախապայմանները» թեման: Մոտ քառասուն տարի առաջ՝ 1980-ական թվականներին Միավորված ազգերի կազմակերպության արխիվներում հեղինակն ուսումնասիրելով ցեղասպանությունների վերաբերյալ նյութեր՝ գտնում է «1915 թվականի հայերի ցեղասպանությունը» վերնագրով մի նյութ, որն էլ հիմք է հանդիսանում նրա այս թեմայի հանդեպ առանձնահատուկ ուշադրության և հետագա նվիրումի։
Անծանոթ լինելով Հայաստանին և հայ ժողովրդի պատմությանը՝ Սեգավան սկսում է մասնագիտական ուսումնասիրություններ կատարել: Հեղինակը նշում է, որ այդ տարիներին Ճապոնիայում Հայաստանի մասին, առավել ևս, Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր գրեթե չեն եղել։ Այդ կապակցությամբ Սեգավան գրում է. «Որքան կարդում էի, այդքան ավելի էի հասկանում թեմայի կարևորությունը, և չնայած սարսափով էի լցվում որոշ նյութեր կարդալիս, հետզհետե ավելի էր ուժեղանում հետազոտելու ցանկությունը»: Սեգավայի մոտ տարբեր հարցեր էին առաջանում, օրինակ՝ ինչո՞ւ Ճապոնիայի դպրոցների բարձր դասարաններում աշխարհի պատմությունը դասավանդելիս ոչինչ չի ասվում Հայոց ցեղասպանության մասին, իսկ հրեաների ցեղասպանությունը ներկայացված է բավականին ծավալուն։ Նա կարծիք է հայտնում, որ այդ իրավիճակը չի կարելի արդարացնել ո՛չ Հայոց ցեղասպանության նահատակների քանակով, ո՛չ էլ հանցանքի վաղեմությամբ։
Ամեն դեպքում, բարեբախտաբար թե դժբախտաբար, այս իրողության մասին տեղեկանալուց ի վեր, մարդկության հանդեպ պատասխանատվության զգացումով դրդված, Սեգավան որոշում է իր վրա վերցնել հայերի ապրած ողբերգության մասին անտեղյակ ճապոնացիների աչքերը բացելու պարտականությունը:
Այն երկու տասնամյակները, որոնց ընթացքում հետազոտողը զբաղվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով, երկար և դժվարին ճանապարհ է եղել։ Ճապոնիայում նա քննադատության է ենթարկվել իր գործընկերների կողմից, որոնցից ոմանք պնդել են, որ այդ հետազոտություններն անիմաստ են: Երկար ժամանակ նրա աշխատանքները չեն արժանացել ճապոնացի գիտնականների ուշադրությանը, բայց 2004 թվականին լույս տեսած և մեր կողմից գրախոսվող «Հայերի մոռացված ցեղասպանությունը․ հետազոտություն եղեռնագործության կանխման և պատժի վերաբերյալ» գիրքը մեծ տարածում գտավ ոչ միայն Ճապոնիայում, այլև Հայաստանում։
Վերոհիշյալ գրքի գրախոսման հիմնական նպատակն է մասնագիտական լսարանի ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճապոնացի գիտնականի կատարած արժեքավոր աշխատությանը, քանի որ գրքի հայերեն թարգմանությունից և տպագրությունից անցել է մոտ 18 տարի, կարիք կար այն կրկին վերաարժևորելու:
Սեգավայի ուսումնասիրությանը հայկական կողմը արձագանքել է պետական մակարդակով։ 2004 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում առաջին անգամ ներկայացվել է Սեգավայի գիրքը ճապոներեն լեզվով՝ որպես Ճապոնիայում առաջին աշխատություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Նույն տարում պրոֆեսորը պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով, ցեղասպանագիտության ոլորտում մեծ ավանդի համար, ՀՀ 2-րդ նախագահի կողմից արժանացել Հայոց Մեծ եղեռնի հուշամեդալի:
Ուսումնասիրելով և ներկայացնելով բազմաթիվ փաստաթղթերից տվյալներ՝ Սեգավան հստակ ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է ծրագրված, մանրակրկիտ մշակված և իրագործված: Նշված գործողությունների միջոցով Թուրքիայի բանակը կոտորել էր հայ սպաներին, զինվորներին, առաջնորդներին և 15 տարեկանից մեծ տղամարդկանց: Հետևաբար, Թուրքիայի տարածքում հայերից մնացել էին միայն կանայք, երեխաներ, մեծահասակներ և հիվանդներ, որոնք մեծ վտանգ չէին ներկայացնում:
Սեգավան նշում է․ «Մեր սերունդը, որն ապրում է 21-րդ դարում, հայերի ցեղասպանությունը չկանխելու, ի սկզբանե նրա հիվանդ արմատները չկտրելու համար, միջազգային հանրության պատասխանատվությունը կրելով, պետք է ուղղակի կերպով դիմի ներկա Թուրքիայի կառավարությանը՝ ցեղասպանության հանցագործության փաստը ընդունելու պահանջով, և անուղղակի կերպով դիմի ՄԱԿ-ի հեղինակավոր անդամներին՝ միջպետական և ներպետական հարթակներում մարդու իրավունքի մասին գիտելիքների մակարդակը բարձրացնելու նախագիծ պլանավորելու առաջարկով, որպեսզի այդ հարթակներում հստակ համոզմունք առաջանա, որ էթնիկ զտումների նախանշանները տեսնելիս պետք է մարդասիրական միջամտություն սկսել, և դրանից հրաժարվել չի կարելի։ Այդ նախապայմաններից հետո երևի թե կարելի լինի մեղքերը քավել ողբերգության ճանապարհով անցած հայերի, հրեաների և շատ ուրիշ ցեղասպանություն տեսած ժողովուրդների առջև»:
Իր աշխատության մեջ պրոֆեսոր Սեգավան նրբանկատորեն նշում է. «Չափազանցություն չի լինի ասել, որ հայերի պատմությունը ողբերգությունների շարան է եղել: Առավելապես այն օրվանից, երբ 1700 տարի առաջ հայերը քրիստոնեությունն ընդունեցին որպես պետական կրոն: Նրանք իրենց հավատքի պատճառով դարձան տարբեր զավթիչների և օտարերկրյա տիրակալների հաճախակի հարձակումների թիրախ»:
Համաձայն հեղինակի դիտարկման՝ յուրաքանչյուր պետություն պետք է ընդունի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիա»-ն՝ որպես կարևորագույն փաստաթուղթ, քննարկի և անհապաղ շտկի հնարավոր թերությունները՝ կոնվենցիայի արդյունավետ իրագործման նպատակով: Պետք է ենթադրել, որ Միջազգային քրեական դատարանի ստեղծումը միջազգային հանրությունում և յուրաքանչյուր երկրում կբարձրացնի խմբերին և դրանց անդամներին պաշտպանող կազմակերպությունների հեղինակությունը, ինչպես նաև էթնիկ զտումներն անմիջապես բացահայտելու առումով որոշակի հոգեբանական արգելակիչ կդառնա:
Առավել մանրամասն կարդացեք «Գիտական Արցախ»-ի 2023 թվականի 1-ին (16-րդ) համարում։
Հեղինակներ՝
Աննա Վարդանյան, տ․գ․թ․, միջազգայնագետ-ճապոնագետ, ՀՊՏՀ
Ավետիք Հարությունյան, ի․գ․թ․, դոցենտ, ՀՖՀ»


