Իսրայելի ռեժիմը տարածաշրջանի անվտանգության ամենամեծ սպառնալիքն է․ Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել իր գործողությունները. Բաղայի
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, ընդգծելով, որ Իսրայելի ռեժիմը տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է, նշել է, որ տարածաշրջանի երկրներն եկել են այն եզրակացության, որ այլևս չեն կարող նախկինի պես ապավինել ԱՄՆ-ի կողմից անվտանգության ապահովման մասին պնդումներին։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Բաղային նշել է, որ վերջին տարիների զարգացումները, այդ թվում՝ Գազայի պատերազմը, Իսրայելի ռեժիմի հարձակումները Լիբանանի և տարածաշրջանի այլ երկրների դեմ, ինչպես նաև ռեժիմի էքսպանսիոնիստական ծրագրերը, տարածաշրջանի երկրների շրջանում ձևավորել են ընդհանուր ընկալում այն մասին, թե որն է տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հիմնական սպառնալիքը։
Անդրադառնալով Իսրայելի ռեժիմին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությանը՝ նա հավելել է, որ այդ երկիրն ինքն է տարածաշրջանի անկայունության պատճառներից մեկը, և եթե չլինեին Վաշինգտոնի համակողմանի աջակցությունն ու քաղաքական հովանավորությունը, Իսրայելի ռեժիմը չէր կարողանա նման մակարդակի անպատժելիությամբ շարունակել իր գործողությունները։
Բաղային ընդգծել է տարածաշրջանի անվտանգության անբաժանելիությունը՝ նշելով, որ ցանկացած անվտանգության ծրագիր, որը հիմնված կլինի տարածաշրջանի պատմական և աշխարհաքաղաքական իրողությունների վրա և կճանաչի իրական սպառնալիքները, կարող է նպաստել կայունության ամրապնդմանը։
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցին, նշելով, որ այս ջրային ճանապարհի փակ լինելը Իրանի և Օմանի միջև տարաձայնությունների հետևանք չէ, այլ կապված է ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայի և նեղուցի չարաշահման հետ։
Նա ընդգծել է, որ քանի դեռ շարունակվում են ԱՄՆ-ի ծովային շրջափակումը և այդ երկրի մյուս գործողությունները, նեղուցի բացման համար անհրաժեշտ պայմաններ չեն ձևավորվի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախ պետք է դադարեցնի իր գործողությունները։



