ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների վեց տոկոսը քրոնիկական հիվանդություն է ունեցել. Թորոսյան
Հայաստանում կորոնավիրուսային վարակից մահացած պացիենտներից 15-ը (մահերի 6 տոկոսը) չի ունեցել քրոնիկական որեւէ հիվանդություն։ Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց. «Սա գալիս է նորից մեզ սթափեցնելու, զգոնացնելու, որ չկա որեւէ մեկը, որ ունի 100 տոկոսանոց երաշխիք, կամ շատ մեծ երաշխիք, որ ինքը չի ունենալու ծանր ընթացք կամ դժբախտաբար չի մահանալու այս հիվանդությունից։ Մենք միշտ ասում ենք, որ երիտասարդները, երեխաները ավելի թեթեւ են տանում, բայց մենք փաստացի ունենք արդեն մահվան այնպիսի դեպքեր, երբ քաղաքացին երիտասարդ է եւ քրոն հիվանդություններ է ունեցել։ Ինչպես նաեւ ոչ այնքան երիտասարդ, բայց առանց քրոնիկական հիվանդությունների մահվան դեպքեր ենք ունեցել»:
Ըստ Թորոսյանի՝ կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ բազմաթվ քաղաքացիներ չգիտեն, որ քրոնիկական հիվանդություններ ունեն։ Շատերը դեռ չեն էլ պատկերացնում, որ, օրինակ, շաքարային դիաբետ կամ զարկերակային գերճնշում ունեն. «Այս երկու քրոն հիվանդություններն են, որ հանգեցնում են ծանր հետեւանքների եւ մահվան կորոնավիրուսային հիվանդության դեպքում»
Նա վստահեցրեց, որ շատ հաճախ այս հիվանդությունները կորոնավիրուսային վարակով պացիենտների մոտ ախտորոշվում են արդեն ստացիոնարում։
Թորոսյանը դժվարացավ ասել, թե դեռ ինչքան կտեւի այս պանդեմիկ իրավիճակը, նա նշեց, որ հիմա շատ կարեւոր է գոնե եղած քրոնիկական հիվանդությունները կառավարելի պահել։
Նախարարը հավելեց. «Եթե մենք դեպի առողջություն չթեքվենք ազգովի եւ ամեն մեկս մեր մակարդակում, մենք ավելի ռիսկի տակ ենք լինելու այս վարակիչ հիվանդության եւ ընդհանրապես մնացած բոլոր վարակիչ հիվանդությունների դեպքում»:



