ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելեց հայ վետերանին՝ գնահատելով նրա ավանդն ընդհանուր հաղթանակի մեջ
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այցելեց հայ վետերան Աղվան Պողոսյանին, որը խորհրդային բանակի կազմում մասնակցել է ճապոնական զորքերի դեմ մղված մարտերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը ՉԺՀ-ի կառավարության անունից երախտագիտության խոսքեր ու բարեմաղթանքներ ուղղեց հայ վետերանին՝ նրան նվիրելով չինական հայտնի թեյերի հավաքածու և խորհրդանշական գումարով ծրար։

103-ամյա Աղվան Պողոսյանը 1940 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, իսկ մեկ տարի անց սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ Սկզբում նա ծառայում էր Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում և որպես գնդացրորդ ներգրավվեց գերմանացիների դեմ մարտական գործողություններում։ Ճապոնական կայսրությունը նույն ժամանակահատվածում ձգտում էր առավելության հասնել Ասիայում և Խաղաղ օվկիանոսում և արդեն գտնվում էր պատերազմի մեջ Չինաստանի հետ 1937 թվականից։
Գրավելով Չինաստանի տարածքի զգալի մասը՝ Ճապոնիան, որպես Գերմանիայի դաշնակից, արդեն անմիջականորեն սպառնում էր Խորհրդային Միությանը։ Պատերազմում ԽՍՀՄ բանակի սպայակազմը կրել էր զգալի կորուստներ, հետևաբար նոր կադրերի պատրաստումը դարձել էր հրամայական։ Մեր հայրենակից Աղվան Պողոսյանը բազմաթիվ զինվորականների հետ տեղափոխվեց արևելյան ճակատ, որտեղ վերապատրաստվեց և, որպես լեյտենանտ, ծառայությունը շարունակեց արդեն արևելյան ճակատում։

Պողոսյանը խորհրդային զորքերի կազմում մասնակցել է ճապոնացիների դեմ մղված մարտերին և տուն վերադարձել այդ պատերազմում տարած հաղթանակի մեդալով։ Թեև նրան առաջարկեցին ուսումը շարունակել ռազմական ակադեմիայում ավելի բարձր կոչումով, սակայն հայրենիքի կարոտն ու սերը նրան հետ բերեց Հայաստան, որտեղ նա տարիներ շարունակ աշխատեց Աբովյանի մարզկենտրոնում՝ որպես տեսուչ։
Վետերանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի դեսպանին և դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին՝ իրեն այցելելու և իր անցած մարտական ուղին հարգելու համար։ Ի դեպ, նախկին դեսպանները նույնպես այցելել են վաստակաշատ վետերանին՝ գնահատելով նրա ավանդն ընդհանուր հաղթանակի մեջ։

Դեսպան Լի Սինվեյը նշեց, որ տեսնելով Աղվան Պողոսյանին՝ լավ պատկերացում կազմեց Երկրորդ աշխարհամարտին մասնակցած մարդկանց մասին և այդ առումով շատ զգացված էր։
«Նայելով հայ վետերանի աչքերին՝ տեսա այն ոգին, որ նա ունեցել է պատերազմի օրերին, հասկացա, որ նա իսկապես գիտի խաղաղության արժեքը։ Ովքեր անցել են արհավիրքի միջով, շատ լավ գիտակցում են, թե ինչ է խաղաղությունը։ Չինաստանն ու Հայաստանը տեսել են շատ պատերազմներ, բայց մեր երկու ժողովուրդները հաղթահարել են դժվարությունները»,- ասաց Լի Սինվեյը։
Դիվանագետը հավելեց, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները ձգտում են խաղաղության, ուստի անհրաժեշտ է մշտապես երախտապարտ լինել նրանց, ովքեր զոհվել են ռազմաճակատում և իրենց կյանքն են զոհաբերել խաղաղության համար։
«Մենք կրում ենք շատ մեծ պատասխանատվություն և հանձնառու ենք պահպանել կայունությունն ու խաղաղությունը, ինչի համար ժամանակին կռվել են մեր հայրենակիցները։ Խաղաղության հասնելու համար պետք է հարգենք միմյանց, ուստի Հայ-չինական բարեկամության ասոցիացիայի հետ իրականացնում ենք արդյունավետ համագործակցություն։ Հաջորդ շաբաթ Չինաստանի դեսպանատանը կազմակերպվելու է միջոցառում՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի ագրեսիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին»,- ասաց Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
Նա առողջություն մաղթեց հայ վետերանին՝ նրան կրկին տեսնելու ակնկալիքով։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1227533


