շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ն Լիտվայի համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի Մերձավոր Արևելքի շուկաներ. Արսեն Ղազարյանը Լիտվայի պատվիրակությանը

ՀՀ-ն Լիտվայի համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի Մերձավոր Արևելքի շուկաներ. Արսեն Ղազարյանը Լիտվայի պատվիրակությանը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մայիսի 20-ին հյուրընկալվեցին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ուղեկցող պատվիրակության անդամներն ու գործարար համայնքի ներկայացուցիչները։

Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը մեծապես կարևորեց Լիտվայի նախագահի ներկա այցը և այդ շրջանակներում տեղի ունեցող հանդիպումները, որոնք իրենց նպաստը կունենան երկկողմ տնտեսական երբեմնի կապերի վերականգնմանը, համագործակցության նոր հնարավորությունների որոնմանն ու զարգացմանը։ Ներկայացնելով հայաստանյան տնտեսության ընդհանուր պատկերը, ՀԱԳՄ նախագահն առանձնացրեց այն ուղղությունները, որոնք հեռանկարային են երկկողմ գործակցության ամրապնդման առումով, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում։ Նա անդրադարձավ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից մեկնարկած «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագրին, որն իրականացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցակցային կարողությունների հզորացմանը, բարելավել շուկաների հասանելիությունը, խթանել Հայաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ շուկայի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջև կապերը։

Արսեն Ղազարյանը կարևորեց գրծարար շրջանակների պարբերական շփումերը, միմյանց կարողություններին անմիջականորեն ծանոթությունը։  Նա անդրադարձավ այն լոգիստիկ խնդիրներին, որոնք ծագել են Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետևանքով։ Գործուն տրանսպորտային ուղիների համատեղ մշակմամբ՝ Հայաստանը Լիտվայի համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի Մերձավոր Արևելքի շուկաներ, իսկ Լիտվայով հնարավոր կլինի հաղորդակցվել հյուսիսային երկրների հետ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լիտվայի գյուղատնտեսության փոխնախարար Էգիդիջուս Գիեդրաիտիսը ներկայացրեց այն ներուժը, որն առկա է իր երկրի գյուղատնտեսական արտադրության և վերամշակման բնագավառում։ Լիտվան գյուղատնտեսական ապրանքներ է արտահանում աշխարհի շուրջ 160 երկիր, տարեկան ընդհանուր 6 մլդ եվրոյ ծավալով։ Հացահատիկի արտահանմամբ այս երկիրը 11-րդն է աշխարհում, իսկ մեկ շնչի հաշվով՝ առաջինը։ Արտահանվում է կաթնամթերքի արտադրության 70%-ը, առաջատարներից է նաև մսամթերքի արտադրությունը։ Այս ոլորտները նա հեռանկարային համարեց համատեղ երկկողմ գործակցության առումով, նշելով, որ կան տեսականիներ, որոնք բնորոշ են տեղական շուկաներին։

«Մեզանում կա մեծ հետաքրքրության զարգացնելու Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, և առաջին հերթին խնդիր ունենք բացահայտելու նոր հնարավորություններ»,- նշեց Լիտվայի նախագահի՝ էկոնոմիկայի և սոցիալական քաղաքականության հարցերով խորհրդական Վաիդաս Աուգուսթինավիչիուսը։ Նրա խոսքով՝ իր երկիրը պատրաստակամ է աջակցելու ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ ինտեգրման գործընթացներին։ Նախագահի խորհրդականն առաջնահերթային համարեց գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տրանսպորտային հաղորդակցության ուղղությունները։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հույս հայտնեց, ու երկկողմ գործարար շփումները կլինեն շարունակական՝ նոր թափ հաղորդելով հայ-լիտվական տնտեսական համագործակցությանը։

  • Կիսվել: