չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ իշխանությունները պարտավոր են լինել արցախցիների անվտանգության երաշխավորը․ Լեւոն Տեր- Պետրոսյանի շնորհավորանքը՝ արխիվից

ՀՀ իշխանությունները պարտավոր են լինել արցախցիների անվտանգության երաշխավորը․ Լեւոն Տեր- Պետրոսյանի շնորհավորանքը՝ արխիվից

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է նրա՝ Արցախի ժողովրդին ուղղված 1991 թվականի հունվարի 1-ի շնորհավորանքը։

«Սիրելի արցախցիներ: Ուրախ եմ, որ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի միջոցով հնարավորություն ունեմ շնորհավորել ձեզ Նոր տարվա առթիվ:

Դժվար է, իհարկե, ձեր փորձության այս տագնապալի պահին խոսքեր գտնել արտահայտելու համար հայությանը համակած հոգեկան խռովքն ու մտատանջությունը:

Այդուհանդերձ, վստահ եմ, որ ոչ մի անարդարություն, ոչ մի խարդավանք խուճապ չի առաջացնի ձեր հերոսական հոգիներում եւ ձեզ չի լքի խիզախ նախնիների անկոտրում ոգին: 

Դուք եղաք Հայոց ազգային նոր զարթոնքի կարապետը, եւ այժմ մեր ողջ ժողովրդի պարտքն է երախտագիտությամբ հատուցել ձեր կրած զրկանքները եւ սատար կանգնել ձեր գերմարդկային սխրանքին: Իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել ձեր անվտանգության եւ բարօրության երաշխավորը, ուղիներ որոնելով Արցախի հարցում արդար քաղաքական լուծում գտնելու համար՝ հիմնված ազգերի ինքնորոշման անսասան սկզբունքի վրա։
Խոնարհաբար՝ Լեւոն Տեր-Պետրոսյան»
01.01.1991թ.»,- գրված է հոդվածի մեջ։ 

  • Կիսվել: