շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ բնակչության 95 տոկոսը ստացել է ԿԿԽ պատվաստում. 5 տոկոսը չունի պաշտպանություն. Անահիտ Ավանեսյան

ՀՀ բնակչության 95 տոկոսը ստացել է ԿԿԽ պատվաստում. 5 տոկոսը չունի պաշտպանություն. Անահիտ Ավանեսյան

Կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակվելը բացառվում է։

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանում հանրության մոտ 95 տոկոսը պատվաստված է կարմրուկի դեմ և միայն 5 տոկոսն է, որ պաշտպանված չէ այդ վարակից:

«Կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակվելը բացառվում է։ Այս պահին մենք աշխատանքներ են տանում մեր պոլիկլինիկաների հետ՝ վեր հանելու կարմրուկի դեմ պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները, նրանց հետ անհատապես աշխատանքներ տանելու համար, որպեսզի նրանք ևս պատվաստվեն և կանխեն վարակի տարածումը»,–ասաց նախարարը։

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2006-2007 թվականներին, և երկիրն ունի հիվանդության բռնկումը կանխարգելելու, զսպելու  փորձը:

Ավանեսյանը շեշտեց, որ այս պահին համավարակի կամ համաճարակի մասին խոսք չկա և «նման սցենարներ հորիզոնում չեն երևում»։

Ըստ նրա՝ Հայաստանում վերջին երկու օրերին կարմրուկի դեմ պատվաստվել է մոտ 400 անձ։ Նա ընդգծեց, որ բացի երեխաներից, ռիսկի խմբում են նաև բուժաշխատողները, որոնք ևս ներառվել են պատվաստման գործընթացում։

Ավանեսյանը ծնողներին հորդորեց մինչև մեկ տարեկան փոքրիկներին չտանել ժամանցի վայրեր, որտեղ կան մեծ թվով երեխաներ։

«Նման վայրերում վարակման հավանականությունն ավելի մեծ է, որովհետև մինչև 1 տարեկան երեխաները դեռ պատվաստված չեն»,–ասաց նախարարը։

Ավանեսյանը վստահեցրեց, որ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են կարմրուկի պատվաստանյութով։

«Առաջիկա օրերին նոր խմբաքանակ կմտնի երկիր, և մեկ–երկու շարժական պատվաստման կետեր կբացվեն, որպեսզի պատվաստումային գործընթացն ավելի հասանելի լինի քաղաքացիներին։ Բոլոր մեծահասակները, որոնք չեն հիշում` պատվաստվել են, թե ոչ, կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: