ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
«Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից, որը հարվածել է Մարոկկոյի հարավային հատվածին և խլել բազմաթիվ կյանքեր։ Մեր խորին ցավակցությունները զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան էջում:
Հիշեցնենք՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:
Վերջին տվյալներով՝ աղետը խլել է ավելի քան 1 հազար մարդու կյանք, ավելի քան 1,2 հազարը՝ վիրավորվել։