չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հեռուստատեսությունը պետք է և փորձում է հարմարվել ժամանակակից միտումներին. Մովսիսյան

Հեռուստատեսությունը պետք է և փորձում է հարմարվել ժամանակակից միտումներին. Մովսիսյան

Ուղիղ 67 տարի առաջ հենց այս օրը Նորքի բարձունքից հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին եթերը. այդ օրվանից սկսած մենք ունեցանք հայկական և հայալեզու եթեր:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ նշելով, որ ավագ գործընկերները պատմել են, որ շատ երկար են մտածել, թե ինչպես կոչել այդ երևույթը և ինչպես անվանել այն սարքը, որով մարդիկ դիտելու էին եթերը, և ի վերջո բազմաթիվ տարբերակներից ընտրվել է «հեռուստատեսությունն» ու «հեռուստացույցը»:

«Պատմական այդ օրվանից հետո հեռուստատեսությունը շատ փոփոխությունների է բախվել: Այսօր էլ ոլորտում մարտահրավերները շատ են , և հեռուստատեսությունը պետք է ու փորձում է հարմարվել ժամանակակից միտումներին:

Էկրանին և էկրանից դուրս աշխատող մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի հայկական հեռուստատեսությունը մնա մրցակցային ու հետաքրքիր, և սա ոչ միայն Հանրային հեռուստատեսությունում, այլև մեր բոլոր գործընկեր հեռուստաընկերություններում:

Այսօր հայկական հեռուստատեսության և այն ստեղծողի՝ հեռուստատեսության աշխատակցի օրն է:

Շնորհավոր մեր տոնը»,-գրել է նա:

  • Կիսվել: