երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի է` երբ կավարտվի Սյունիքի Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը

Հայտնի է` երբ կավարտվի Սյունիքի Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը

Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի 2022 թվականի աշնանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը (որը կապում էր Հայաստանը Իրանի հետ) փակելուց հետո առաջին փուլում իշխանությունները վերանորոգել են Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհը: Հետո անցել են երկրորդ փուլին՝ այդ ճանապարհի բարդ հատվածների համար շրջանցումների կառուցմանը։

«Առաջին բարդ հատվածը Վերին Խոտանան գյուղի շրջանցումն է, որտեղ ճանապարհը նեղ է, և շատ շրջադարձեր կան։ Մենք ունենք վարչապետի հանձնարարական, և հիմա այնտեղ աշխատանքներ են ընթանում։ Ավարտից հետո 16-ի փոխարեն կլինի 6 շրջադարձ: Բացի այդ, ճանապարհն ամբողջությամբ կշրջանցի գյուղը»,- նշեց Սանոսյանը։

Երկրորդ հատվածը Տաթև–Լծեն ճանապարհն է, որը թույլ կտա բեռնատարներին շրջանցել Տաթև–Շինուհայր շրջանում դժվարանցանելի ոլորանները և զգալիորեն կրճատել Կապանից Երևան տանող ճանապարհը:

«Մոտ 20 կմ երկարությամբ հատված է, որից 11 կմ–ից մի փոքր ավելի հատվածում որոշակի հողային աշխատանքներ արդեն իրականացվել են, նախապատրաստվում է հողային պաստառ, ակտիվորեն աշխատում են 2 ընկերություն: Մեր նպատակն է մարտ–ապրիլ ամիսներին ավարտել հողային աշխատանքները և սկսել ասֆալտապատումը, որպեսզի 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն պատրաստի ճանապարհ ունենանք»,- ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հսկիչ անցակետի տեղադրումից և Կապան-Տաթև-Շինուհայր մայրուղու գործարկումից հետո բեռնափոխադրումների ծավալը գրեթե չի փոխվել, թեև ճշգրիտ տվյալներ չունի:

Ավելի վաղ Սանոսյանը հայտարարել էր, որ գարնանը Տաթև-Աղվանի ավտոճանապարհին կկառուցվի նաև Վերին Խոտանան գյուղի 5 կմ-անոց շրջանցիկ ճանապարհը,հատկապես որպեսզի վտանգ չստեղծվի ճանապարհի եզրին գտնվող գյուղում կանգնած միջնադարյան եկեղեցու համար:
 
ԱԻՆ գործընկերների հետ համաձայնեցմամբ ձմռանը ճանապարհներին կգործեն տաքացման կետեր, որոնք նախատեսված են վարորդների համար։

  • Կիսվել: