երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Շիրակի Ոսկեհասկ բնակավայրում դիտարկվել են սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքները

Շիրակի Ոսկեհասկ բնակավայրում դիտարկվել են սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքները

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ եղել է Ոսկեհասկ բնակավայրում՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Այսօր ազդարարվել է երթևեկելի մասի աշխատանքների ավարտը, ընթացքի մեջ է մայթերի կառուցումը։

«Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրի կենտրոնական ճանապարհի և Ազատան բնակավայրի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի «Ոսկեհասկ բնակավայրի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագրի կապալի պայմանագիրը կազմել է 223 մլն 178 հազար դրամ։

«Պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացված ցանկացած ծրագրի մեկնարկը, ընթացքն ու ավարտը մեր անմիջական վերահսկողության ներքո է լինելու, ինձ համար առաջնային է պետական և համայնքային միջոցների նպատակային օգտագործումն ու իրականացված աշխատանքներում թերացումների բացառումը»,- նշել է Շիրակի մարզպետը՝ ընդգծելով բոլոր պատասխանատու կառույցների համագործակցության անհրաժեշտությունն ու ծրագրերի իրականացման հանդեպ հոգատար ու հոգացավ վերաբերմունքի կարևորությունը։

Կառավարության 45 տոկոս համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Ոսկեհասկում ասֆալտապատվել է 1 կմ 140 մետր երկարությամբ ճանապարհ։

Շիրակի մարզպետը համայնքապետի հետ այցելել է օրերս գազի պայթյունից տուժված ոսկեհասկցի ընտանիքին՝ ցավակցություն, զորակցություն ու աջակցություն հայտնելու։ Մարզպետն ու համայնքապետը վստահեցրել են, որ հնարավորությունների սահմանում բնակարանի վերակառուցման հարցում կաջակցեն ընտանիքին։

  • Կիսվել: