շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայտնաբերվել է 217 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք, արձանագրվել է թունավորման 3 դեպք

Հայտնաբերվել է 217 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք, արձանագրվել է թունավորման 3 դեպք

Փետրվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 804 զանգ, որից 10-ը՝ տեխնածին, 28-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կանչերին՝ կատարելով փակված 11 դռան և 9 վերելակի բացում, 3 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն:

Հոսանքի տատանումների պատճառով ճգնաժամային կառավարման կենտրոնում ավելացել է վերելակների խափանումների մասին ահազանգերը:  Հովհարային անջատումների գրաֆիկին չհետևելը հաճախ ստեղծում է անցանկալի իրավիճակ: Ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի անջատումների ժամանակ՝ ուղիղ ժամերին, չօգտվել վերելակներից, դրանով բացառել անցանկալի պատահարները:

Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 6 ելք: Հրդեհները հիմնականում բռնկվել են բաց տարածքներում: Հրշեջ փրկարարներն իրականացրել շիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ: Իսկ բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական և հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները:

Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 7 ելք: Հայտնաբերվել է շուրջ 217 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: ԱԻՊԾ սակրավորները արձագանքում են քաղաքացիների՝ հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնելով պայթեցման աշխատանքներ, այդ կերպ կանխելով սպառնացող վտանգը:

Փետրվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում թունավորման 3 դեպք է արձանագրվել, տուժել է 5 քաղաքացի: Թունավորումների հիմնական պատճառ է հանդիսացել տան բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչ սարքերից ու ջեռուցող համակարգերից արտանետված շմոլ գազը: ՆԳ նախարարությունը հորդորում է բնակիչներին՝ պահպանել գազից և էլեկտրասարքավորումներից օգտվելու անվտանգության կանոնները:

Փետրվարի 14-ից փրկարարները որոնում են Մաքսիմ Աշոտի Վարդանյանին (ծնված 1936թ., հաշվառված Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում, բնակվում է Ստեփանակերտ քաղաքի Մ. Սպարապետ 1 հասցեում): Վերջինս նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհից: Ադրբեջանը շարունակում է փակ պահել Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության: Համակարգված աշխատանքի հիմքում՝ հանրապետության ներքին անվտանգության պատշաճ ապահովումն է:

Հետադարձ կապ՝ 911, 101, 112, 047 94-09-11:

  • Կիսվել: