երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ քաղաքացիները որոշակի ծախսերի մասով մինչև 100 հազար դրամ հետ կստանան. նախարար

Հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ քաղաքացիները որոշակի ծախսերի մասով մինչև 100 հազար դրամ հետ կստանան. նախարար

ՊԵԿ-ի կողմից հիմա վերջնականացվում է այն տեղեկատվական պլատֆորմը, որով պետք է հայտարարագրերը լրացվեն, այն պատրաստ կլինի մարտի ընթացքում. հետագայում կլինի նաեւ բջջային հավելվածը: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ խոսելով Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին:

Նշենք, որ այն արդեն փուլային ներդրման գործընթացում է եւ այս տարի հանրության որոշ շրջանակներ արդեն 2023-ի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն:

«2023-ի համար հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչեւ մայիսի 1-ը»,-ասաց նա:

Նշվեց, որ Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտն ունի նաեւ սոցիալական կրեդիտների համակարգ. Այսինքն մարդիկ որոշ ուղղություններով փաստաթղթավորված ծախսեր անելու դեպքում հնարավորություն են ունենալու իրենց վճարած եկամտային հարկից որոշ գումարներ հետ ստանալ:

«Մենք ունենք երկու ուղղությամբ կրեդիտների հնարավորություն. Մեկը առողջապահական ծախսերն են 50 հազար դրամի չափով, մյուսը՝ կրթական ծախսերը բոլոր մակարդակներում: Դրա հնարավորությունը 100 հազար դրամ է: Սակայն այս երկուսի դեպքում, նվազեցվող գումարը չի կարող գերազանցել 100 հազար դրամը:

Օրենքով կարող են լինել նաեւ բնակարանային ապահովության հետ կապված նվազեցումներ: Այս պահին դեռ նախատեսված չեն: Հետագայում կվերանայենք նաեւ այս շեմերը»,-ասաց նախարարը:

 

  • Կիսվել: