հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Հայրենականի զոհերի հուշարձանի ապամոնտաժման կուլիսային նախապատրաստումը հստակ քաղաքական վտանգ է. ԱԺ պատգամավոր

Հայրենականի զոհերի հուշարձանի ապամոնտաժման կուլիսային նախապատրաստումը հստակ քաղաքական վտանգ է. ԱԺ պատգամավոր

Արթիկի հրապարակում տեղադրված 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագրի կուլիսային նախապատրաստումը հստակ քաղաքական վտանգ է մեր պատմական հիշողության համար, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ այս հուշարձանը մեր պատմության, հաղթանակի և անձնազոհության խորհրդանիշն է։

«Մենք հստակ ասում ենք՝ ոչ մի տեղական ՔՊ-ական չինովնիկ իրավունք չունի որոշել մեր պատմական ժառանգության ճակատագիրը՝ առանց մասնագիտական եզրակացության, հանրային քննարկման և օրենքով սահմանված ընթացակարգերի։

Այդ հուշարձանի հանդեպ որևէ միակողմանի գործողություն՝ անգամ «վերանորոգման» անվան տակ մերժելի է, վտանգավոր նախադեպ է և քաղաքական սադրանք։

Պահանջում եմ`

-ՀՀ կառավարությունից և ԿԳՄՍ նախարարությունից՝ պաշտոնական հայտարարություն, որ հուշարձանի ապամոնտաժման կամ տեղաշարժման վերաբերյալ որևէ գործողություն չի թույլատրվի։

- Արթիկ համայնքի ղեկավարությունից՝ մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել հուշարձանի ապամոնտաժման ծրագրերը։ Հակառակ դեպքում՝ այն կդիտարկվի որպես համաձայնություն:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հստակ պարզաբանում՝ արդյոք սա կուսակցության դիրքորոշումն է, թե տեղական չինովնիկների ինքնագործունեություն։

- Մասնագիտական եզրակացություն՝ հուշարձանի տեխնիկական վիճակի մասին:

Այս հուշարձանը միայն քար ու բետոն չէ։

Սա հիշողություն է՝ հերոսների, կորուստների, հաղթանակի։

Սա քաղաքային մշակույթի, պատմության և ազգային հպարտության մաս է։

Հ.Գ.

Յուրաքանչյուր պատասխանատու ՔՊ-ական պաշտոնյա (լինի համայնքապետ, մարզպետ թե նախարար), ով ներգրավված կլինի այս գործընթացում, պետք է պատրաստ լինի կրել քաղաքական և իրավական պատասխանատվություն»,- ընդգծել է պատգամավորը։

  • Կիսվել: