Հայրենական մեծ պատերազմի Հայաստանի վետերանները Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ներկա կգտնվեն Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. Կոպիրկին
Հայրենական մեծ պատերազմի Հայաստանի վետերանները Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ներկա կգտնվեն Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշեց, որ Հայաստանում նույնպես նախատեսվում են լայնածավալ միջոցառումներ, այդ թվում՝ արդեն ավանդական դարձած «Հիշողության այգին» և «Անմահ գունդը»:
«Մենք անում ենք ամեն ինչ Հայաստանում այդ օրն արժանապատվորեն նշելու համար և շատ ենք կարևորում այն փոխգործակցությունը, որն առկա է Հայրենական մեծ պատերազմի և Խորհրդային Միության ժողովուրդների սխրանքի մասին հիշողության պահպանման հարցում»,-հավելեց Կոպիրկինը:
Ըստ նրա՝ հոբելյանական օրվա միջոցառումների ծրագիրը շատ հագեցած է։ Այս առումով ՌԴ դեսպանատունը համակարգում է իր գործողությունները հայկական կողմի հետ։