հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«ՀայՓոստը» նշում է Հաճախորդների միջազգային օրը

«ՀայՓոստը» նշում է Հաճախորդների միջազգային օրը

«ՀայՓոստ» ընկերության ղեկավար անձնակազմը Հաճախորդների միջազգային օրվա առթիվ այցելում է շուրջ 60 փոստային բաժանմունք, զրուցում հաճախորդների հետ, ծանոթանում առկա խնդիրներին, առաջարկում լուծումներ և սպասարկման բարելավման ուղիներ:  

Հաճախորդների հետ մշտական կապը ապահովելու համար՝ «ՀայՓոստը» վերջերս ներդրել է NPS համակարգը, որը մշակվել է «ՀայՓոստի» դուստր iNovation ընկերության բարձրակարգ ծրագրավորողների կողմից: NPS համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդների հետ իրական ժամանակում հետադարձ կապ ապահովել և արագ արձագանքել նրանց առաջարկներին և խնդիրներին:

ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Շնորհավորում եմ մեր հաճախորդներին օրվա կապակցությամբ և շնորհակալ եմ ՀայՓոստի բազմատեսակ ծառայություններից օգտվելու համար: Մենք ընտրել ենք հաճախորդակենտրոն սպասարկման ռազմավարություն, իսկ հաճախորդների հետ կապը մշտապես ապահովելու նպատակով՝ ներդրել ենք NPS համակարգը, և գրեթե չորս ամսվա ընթացքում հաճախորդների գոհունակության ցուցանիշը  Երևանում աճել է 55 %-ով: Հաճախորդների հետ կապը օգնում է մեզ շարունակաբար բարելավել ծառայությունները և սպասարկման որակը»:

Փոստային բաժանմունքերի ցանցի տնօրեն Կարեն Մկրտումյանը ասաց. «Ողջունում եմ բոլորին «ՀայՓոստի» 25-րդ վերաբրենդավորված բաժանմունքում: Մեր բաժանմունքները դարձել են ավելի հարմարավետ, նորարար և տեխնիկապես հագեցված: Տեխնոլոգիական  նոր լուծումներով և նոր ծրագրերով հագեցվում են ՀայՓոստի բոլոր բաժանմունքները, որի արդյունքում էապես բարելավվել է մեր սպասարկման որակը»:

«ՀայՓոստի» Հաճախորդների փորձառության կառավարման բաժնի տնօրեն Գոհար Թարխանյանը ներկայացրել է NPS համակարգը և գրանցված հաջողությունները՝ նշելով. ««ՀայՓոստ» ընկերության ուշադրության կենտրոնում հաճախորդներն են, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրներն ու առաջարկությունները, որոնք անհատապես լուծվում են, իրագործվում՝ բարձրացնելով մեր հաճախորդների գոհունակության մակարդակը: NPS համակարգի ներդրումից մինչ օրս հաճախորդներից ստացել և մշակել ենք ավելի քան 28,000 հետադարձ կապ՝ ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի առաջարկություններին»:

NPS համակարգը հնարավորություն է տալիս ծառայության մատուցման ավարտից հետո SMS հաղորդագրության միջոցով կապ հաստատել հաճախորդի հետ և կարճ հարցման արդյունքում գնահատել հաճախորդի լոյալությունը, ինչպես նաև գոհունակությունը տվյալ աշխատակցի սպասարկման որակից: NPS համակարգի միջոցով իրականացված հարցումները թույլ են տալիս վերհանել և լուծել յուրաքանչյուր հաճախորդի խնդիրները:

  • Կիսվել: