շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀայՓոստը ստացել է հատուկ մրցանակ Փոստ Եվրոպայի կողմից

ՀայՓոստը ստացել է հատուկ մրցանակ Փոստ Եվրոպայի կողմից

Փոստ Եվրոպայի 2023 թվականի ընդհանուր ժողովի ընթացքում, որն անցկացվում էր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում և նվիրված էր Փոստ Եվրոպայի 30 ամյակին, ՀայՓոստը ստացել է «Ծագող աստղ» բարձրագույն մրցանակ: Մրցանակը ՀայՓոստին շնորհվել է փոստային ինովացիոն լուծումների, ինչպես նաև հաճախորդամետ քաղաքականության համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀայՓոստը։

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանին և Միջազգային փոստային ծառայությունների ղեկավար Յուրի Հայրապետյանին մրցանակը հանձնել է Փոստ Եվրոպայի գլխավոր տնօրեն Բոտոնֆ Սզեբենին, հավելելով, որ ՀայՓոստը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել  ինչպես ծառայությունների հասանելության, այնպես էլ էլեկտրոնային տվյալների փոխանցման ոլորտում:

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանն իր խոսքում նշեց,- «ՀայՓոստ ընկերությունը մշտապես հետևողական է լինելու Հայաստանի փոստի զարգացման գործում: Շատ կարևոր և պարտավորեցնող մրցանակ ենք ստացել, պետք է զարգացնել եղածը, ստեղծել նոր ծառայություններ: Անհրաժեշտ է նաև արդիականացնել ենթակառուցվածքը, որպիսզի համապատասխանենք եվրոպական բոլոր ստանդարտներին: Մենք պետք է մատուցենք էլ ավելի որակյալ ծառայություններ մեր հաճախորդներին»:

  • Կիսվել: