ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի

Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի

Հայաստանում աշխատում են Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։

«Էլեկտրոնային բազայի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է, որի գլխավոր նպատակն է ի մի բերել Ցեղասպանությունը վերապրածների անունները և յուրաքանչյուր զոհի անունը՝ կենսագրական տվյալներով»,-ասաց Մարությանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իրականացվում է պետական աջակցությամբ։ Համապատասխան գրավոր երաշխիքները թանգարանի ղեկավարությունը ստացել է ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունից, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Թանգարան-ինստիտուտը դիմել է Գիտության պետական կոմիտե՝ հետագա քայլերի համար: Մարությանը նշեց, որ այս գործընթացը կարող է 10-15 տարի տևել:
Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության դասընթացի ներդրման ուղղությամբ: Անցյալ տարի այս թեմայով կայացավ «Հայոց Ցեղասպանության թեմայի դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» գիտաժողովը, որից հետո ՀՑԹԻ ղեկավարությունը դիմեց ԿԳՄՍՆ: Ստեղծվեց 18 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը զբաղվեց ծրագրի մշակմամբ, ինչից հետո այն կրկին ուղարկվեց ԿԳՄՍՆ։
 
«Հայոց ցեղասպանության թեման պետք է դասավանդել, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպես, ինչի վրա պետք է շեշտը դնել, ինչ կոնցեպտուալ խնդիրներ պետք է բարձրացվեն»,- պարզաբանեց Մարությանը:
ՀՑԹԻ տնօրենը կարծում է, որ որակական փոփոխություններ են անհրաժեշը պատմության մեջ ցավալի տարեթվի ընկալման հարցում: Նրա խոսքով, վերջին 100 տարվա ընթացքում հայ ժողովուրդը ուշադրությունը սևեռում է վշտի վրա՝ ինչ-որ առումով արժանին չմատուցելով ողջ մնացածներին, այդ թվում՝ զինված դիմադրության շնորհիվ ողջ մնացածներին։
Մարությանը կարևոր է համարում զոհերի հիշատակը հարգելու հետ մեկտեղ ցույց տալը, որ հայ ժողովուրդը կարողացել է գոյատևել, նոր կյանք կառուցել:
 

  • Կիսվել: