ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ՆԱՏՕ-ում չեն ժխտել Ուկրաինայի ԶՈւ-ի ծանր վիճակը

ՆԱՏՕ-ում չեն ժխտել Ուկրաինայի ԶՈւ-ի ծանր վիճակը

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերն ընդունել է Ուկրաինայի Զինված ուժերի համար ստեղծված ծանր իրավիճակը և ասել, որ Կիևին արևմտյան զենքի մատակարարման ձգձգումը հանգեցրել է բացասական հետևանքների, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք ավարտեցինք ռազմական կոմիտեի նիստը: Ուկրաինական կողմը, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչը մեզ հակիրճ տեղեկացրեց տեղում տիրող իրավիճակի մասին, որը շարունակում է մնալ շատ ծանր, աջակցության ձգձգումները լուրջ հետևանքներ են ունեցել մարտի դաշտում»:

Բաուերի խոսքով՝ Ուկրաինայի համար հատկացված աջակցությունն այժմ ճանապարհին է: Նա հույս է հայտնել, որ այն կհասնի հնարավորինս շուտ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել էր Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկով քաղաք՝ մարտի դաշտում իրավիճակը բնութագրելով որպես «չափազանց բարդ»։

Նշենք, որ ռուսական զորքերը Խարկովի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են մղում մայիսի 10-ից։ Գնդակոծությունների պատճառով մարզից տարհանվել է մի քանի հազար մարդ:

  • Կիսվել: