երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Անիեր-սյուռ-Սեն քաղաքում

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Անիեր-սյուռ-Սեն քաղաքում

Անիեր-սյուռ-Սեն (Asnières-sur-Seine) քաղաքի բանուկ հատվածներից մեկում տեղադրված խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն։

Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Ասկլիմանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Անիեր-սյուռ-Սենից ընտրված պատգամավոր Ֆրանչեսկա Պասկինին, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամներ Ժոզիան Ֆիշերը, Թոմա Լամը, Անիեր-սյուռ-Սենի փոխքաղաքապետները, քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դիվանագետները, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի անդամները, ֆրանսահայ կառույցների ներկայացուցիչները։

Ոգեկոչմանը ներկա էին բազմաթիվ ֆրանսահայեր, ֆրանսիացիներ։

Ելույթներով հանդես եկան Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Ասկլիմանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանը։

Մասնավորապես, Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Ասկլիմանը քաղաքային իշխանությունների և բնակիչների անունից միաբանության, սատարման և քաջալերման խոսքեր հղեց լուրջ սպառնալիքներ առճակատող Հայաստանին և էթնիկ զտման նպատակով ամիսներ ի վեր ադրբեջանական շրջափակմանը դիմադրող արցախահայությանը՝ վերահաստատելով Ֆրանսիայի հարյուրավոր ՏԻՄ-երի հետ միասին Անիեր-սյուռ-Սենի կողմից ևս ընդունված բանաձևով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ արտահայտված անվերապահ բարեկամությունն ու աջակցությունը։

Միջոցառման ավարտին հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգները։

  • Կիսվել: