շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է լինելու

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է լինելու

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին, ժամը 21:00-ին։ Այս մասին այսօր ԱԳ, ԿԳՄՍ նախարարների և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ներկայացնելով արտակարգ դրության պայմաններում Ցեղասպանության 105-րդ տարելիցին նախատեսվող միջոցառումները։

Նա նշեց, որ կլինեն եկեղեցական զանգեր ու ղողանջներ, որոնց ներքո կմարեն Երևանի ու մարզկենտրոնների փողոցների լույսերը: «Մենք կոչ ենք անելու քաղաքացիներին մարել իրենց բնակարանների լույսերը, բջջային հեռախոսների լույսերի միջոցով պատուհանից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ : Դրա խորհրդանշական արձագանքը կլինի Ծիծեռնակաբերդից՝ Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի «Արի իմ սոխակ»-ի ներքո»,- ասաց նա։

Արդեն ապրիլի 24-ին, ժամը 08:00-ից,  ըստ աշխատակազմի ղեկավարի, Հայաստանում բնակվող քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին, իսկ արտասահմանից՝  0037 43 319 15 00 հեռախոսահամարին՝ հաստատելով իրենց հեռակա մասնակցությունն օրվա խորհրդին:

Ըստ աշխատակազմի ղեկավարի, հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:

Էդուարդ Աղաջանյանը նաև նշեց, որ ապրիլի 24-ին, ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելեն բարձրաստիճան պաշտոնյանները, մասնավորապես, նախատեսվում է ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, Կաթողիկոսի այցը։

Խոնարհումի արարողությունն ուղեկցվելու է հանրահայտ դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ։ Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը ժամը 22։00-ին պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ։ Ծրագիրն ընդգրկելու է դասական և ժողովրդական ժանրի ստեղծագործություններ և տևելու է մինչև լուսաբաց։

Էդուարդ Աղաջանյանը նաև հայտնեց, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ կլինի բոլոր այցելուների համար։ Այդ որոշումը նաև պարետատան կողմից համապատասխան ակտով կհաստատվի. «Ըստ էության, կարող ենք ասել, որ փաստացի արդեն այսօրվանից հուշահամալիրի մուտքն անվտանգային ու կազմակերպչական նկատառումներից ելնելով փակ է լինելու»:

 

  • Կիսվել: