շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը կմիանա ԱՊՀ պետությունների՝ Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

Հայաստանը կմիանա ԱՊՀ պետությունների՝ Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

 «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
 
«Նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը միանում է Ռուսաստանի Դաշնությունում 2018 թվականի հունիսի 6-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում ստորագրված ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի միասնական օգտագործման նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով ՌԴ ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգի հիման վրա ձևավորել ԱՊՀ ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգ»,-ասաց Սարգսյանը:
 
Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործումն ու կատարելագործումն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ-երի կառավարման, հուսալիության բարձրացման և դրանց միջև փոխգործակցության կապերի կազմակերպման նպատակներով:  Ռուսաստանի Դաշնության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին՝ ի շահ համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ կառավարման և նրանց ԶՈՒ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման:
 
ՀՀ-ն համաձայնագրին միանում է մեկ վերապահմամբ՝ այն է՝ ՀՀ-ն առանձին որոշում կկայացնի՝ համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին:
 
Նախագծում նշվում է, որ համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմական նշանակության կապի ժամանակակից տեսակների, ինչպես նաեւ արբանյակային կապի համակարգերի ուղեծիրային խմբավորման օգտագործումը:
 
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կողմից, չի ստորագրվել Ուկրաինայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի և Ադրբեջանի կողմից:

  • Կիսվել: