երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանում դիֆետրիայի դեպք չի արձանագրվել 2000 թ-ից վեր, պոլիոմելիտ չի գրանցվել 1995 թ-ի վեր․ կան հիվանդություններ, որոնք գրեթե վերացման շեմին են․ Գայանե Սահակյան

Հայաստանում դիֆետրիայի դեպք չի արձանագրվել 2000 թ-ից վեր, պոլիոմելիտ չի գրանցվել 1995 թ-ի վեր․ կան հիվանդություններ, որոնք գրեթե վերացման շեմին են․ Գայանե Սահակյան

Հայաստանն իմունականխարգելման ծրագրով  գոհացուցիչ արդյունքներ ունի: Հանրապետությունում 15 պատվաստանյութով տարվում է պայքար 18 վարակիչ հիվանդությունների դեմ: Մեր երկրում պատվաստումներն անվճար են:  Մի շարք վարակիչ հիվանդությունների հետ կապված առկա է առնվազն 90 տոկոս պատվաստում:  Հրավիրված ասուլիսում  այս մասին ասաց Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը և նշեց, որ դա շատ լավ ցուցանիշ է: Ավելին, Հայաստանի հաջողության օրինակով սկսել են հետաքրքրվել միջազգային գործընկերները:

«Նույնիսկ կորոնավիրուսի ժամանակ մենք չունեցանք ազգային օրացույցով նախատեսված պատվաստումների կտրուկ անկում: Մինչդեռ շատ երկրներում այդ ցուցանիշը 25 տոկոս է կազմում: Մեր երկրում ժամանակին կատարված ամբողջական պատվաստումները նպաստում են որոշ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելուն: Այսօր ո՞վ է հիշում բնական ծաղիկի մասին»,-ասաց Գայանե Սահակյանը: 

Կան հիվանդություններ, որոնք գրեթե վերացման շեմին են՝ պոլիոմելիտը, դիֆտերիան, կարմրախտը, և դա պատվաստումների շնորհիվ է: Հայաստանում դիֆետրիայի դեպք չի արձանագրվել 2000 թվականից ի վեր, պոլիոմելիտ չի գրանցվել 1995 թվականից ի վեր: Հիվանդության նվազեցման առումով  հաջողություն գրանցվել է նաև կարմրուկի ու կարմրախտի առումով:

«Իհարկե, կարող են լինել նաև բերովի դեպքեր: Այսօր աշխարհի շատ երկրներում կարմրուկի բռնկումներ են: Մեր երկրում, ինչպես գիտեք, եղավ բերովի դեպք՝ տեղային բռնկում, սակայն մեկ ու կես ամսվա ընթացքում հնարավոր եղավ տեղայնացել: Հիվանդության տարածում էլ չեղավ, կարողացանք իրավիճակը հաղթահարել: Ասեմ, որ այժմ կարմրուկի առումով համաճարակաբանական իրավիճակը հանդարտ է: Այս հաջողությունն ապացուցեց, որ Հայաստանում պատվաստումները բավական բարձր մակարդակով են իրականացվում, մենք ունենք կոլեկտիվ իմունիտետ»,-ասաց Գայանե Սահակյանը:

  • Կիսվել: