կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանում բացված հարյուրավոր Wildberries-ի կետեր կանգնել են փակվելու լուրջ խնդրի առջև. Քանքանյան

Հայաստանում բացված հարյուրավոր Wildberries-ի կետեր կանգնել են փակվելու լուրջ խնդրի առջև. Քանքանյան

«Visa ու MasterCard-ի Ռուսաստանից դուրս գալու կապակցությամբ անհնար ա դառնում նաև ռուսական օնլայն շոփերից օգտվելը, եթե ասենք МИР քարտ չունեք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Braind ընկերության համահիմնադիր Էդուարդ Քանքանյանը:

Ու հիմա, ըստ նրա, հարյուրավոր Wildberries-ի կետեր, որոնք բացվել են Հայաստանում ու հիմնականում ֆրանշիզայով են աշխատում, փակվելու լուրջ խնդրի առաջ կարող են  կանգնել:

«Սա շատ լավ հնարավորություն կարա լինի հայկական մարկետփլեյսերի համար, որոնք կարան թիրախավորեն ռուսական շուկան»,-խորհուրդ է տալիս նա:

Հիշեցնենք, ամերիկյան Visa և Mastercard վճարային ընկերությունները հայտարարել էին, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինա ներխուժման պատճառով:
«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանում Visa քարտերով բոլոր գործարքներն այլևս չեն գործի Ռուսաստանից դուրս, իսկ Ռուսաստանից դուրս թողարկված Visa քարտերն այլևս չեն աշխատի երկրի ներսում»,- ասված է Visa-ի հաղորդագրության մեջ:

«Մենք ստիպված ենք գործել Ուկրաինա Ռուսաստանի կողմից չհրահրված ներխուժման և անընդունելի իրադարձությունների հետևանքով, որին այժմ ականատես ենք լինում», - ասված է Visa Corporation-ի գործադիր տնօրեն Ալ Քելլիի հայտարարության մեջ:

«Մենք ցավում ենք այն հետևանքների համար, որոնք կանդրադառնան մեր գործընկերների վրա, ինչպես նաև հաճախորդների, գործընկերների և քարտերի սպառողների վրա, որոնց սպասարկվում են Ռուսաստանում: Այս պատերազմը և խաղաղությանն ու կայունությանը սպառնացող մշտական սպառնալիքը պահանջում են, որ մենք արձագանքենք մեր արժեքներին համապատասխան»։
Mastercard-ը նաև նշել է, որ ռուսական բանկերի կողմից թողարկված իր քարտերն այլևս չեն գործի Mastercard ցանցում, և Ռուսաստանից դուրս թողարկված ցանկացած ընկերության քարտ չի աշխատի ռուսական խանութներում և բանկոմատներում։

Այս շաբաթվա սկզբին Visa-ն և Mastercard-ն արդեն արգելափակել էին իրենց ծառայությունները մի շարք ռուսական ֆինանսական հաստատությունների համար, որոնք գտնվում էին ԱՄՆ կառավարության պատժամիջոցների տակ՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ:
Արտասահմանում ռուսաստանցիները ստիպված կլինեն օգտվել այլընտրանքային համակարգերի քարտերից, օրինակ՝ ռուսական «Միր»-ը կամ չինական China UnionPay-ը, նշում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Միր»-ի քարտերն ընդունվում են աշխարհի 10 երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, Վիետնամում, Հայաստանում, Ուզբեկստանում, ԱՄԷ-ում, Կիպրոսում, ինչպես նաև Վրաստանի տարածքում գտնվող երկու անջատողական հանրապետություններում, որոնց անկախությունը չի ճանաչում համաշխարհային հանրության մեծ մասը։ Unionpay-ը թողարկվում է միայն մի քանի ռուսական բանկերի կողմից, սակայն դրանք պետք է ընդունվեն մանրածախ առևտրի կետերում և բանկոմատներում աշխարհի 150 երկրներում:

Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը հայտարարել է. «Ռուսական բանկերի կողմից թողարկված VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի բոլոր քարտերը կշարունակեն աշխատել Ռուսաստանի տարածքում, ինչպես միշտ, մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը: Դրանց գծով գործառնությունները մշակվում են երկրի ներսում՝ Ազգային վճարային քարտերի համակարգում, և պատժամիջոցները դրանց վրա չեն ազդում»։

  • Կիսվել: