շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում արձանագրվել է հանցագործությունների թվի աճ

Հայաստանում արձանագրվել է հանցագործությունների թվի աճ

Ողջ հանրապետությունում արձանագրվել է հանցագործությունների թվի որոշակի աճ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ 

«Դրանց մասին կխոսենք տարվա արդյունքների ամփոփման ընթացքում»,-հավելեց նա։

Ֆիդանյանը համոզմունք հայտնեց, որ պարեկային ծառայությունը կայացել է, աշխատակիցները բավական արդյունավետ են աշխատում։ 

«Միջադեպերի եւ քրեական գործերի առկայությունը վկայում է այն մասին, որ մենք բաց ենք, ոչինչ չենք թաքցնում, եւ բնական ենք համարում, որ նման բան տեղի է ունենում ծառայության ժամանակ։ Պետք է նաեւ հաշվի առնել, թե քանի հանցագործություն են նրանք բացահայտել։ Հասարակությունը գոհ է պարեկային ծառայության աշխատանքից»,-նշեց փոխոստիկանապետը։

Անդրադառնալով մի քանի ոստիկանների կողմից տղամարդուն ծեծի ենթարկելու դեպքին, նա պարզաբանեց, որ քրեական գործը վարում է այլ մարմին, ուստի ոստիկանությանը կամ նույն Հատուկ քննչական ծառայությանը մեղադրելը տեղին չէ։

«Մենք չենք ծեծի ենթարկել։ Կոչ եմ անում դիմել նախաքննություն իրականացնող մարմնին»,-ասաց Ֆիդանյանը։

  • Կիսվել: