կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայաստանում 77 սահմանամերձ համայնքների թիվը կարող է ավելանալ ևս 5-6-ով

Հայաստանում 77 սահմանամերձ համայնքների թիվը կարող է ավելանալ ևս 5-6-ով

Հայաստանում արդեն կա 77 սահմանամերձ համայնք, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 5-6 բնակավայրով: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ավելացնելով, որ այս ցանկի համալրման հետևանքով բյուջեի բեռը կմեծանա 200 մլն դրամով:

«Մեթոդիկայի համաձայն գյուղի սահմանամերձ կարգավիճակի սահմանումը որոշվում է սահմանից բնակելի տների հեռավորությունը պարզելու ճանապարհով»,- պարզաբանեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 39 գյուղեր ներառվել են այն համայնքների ցանկի մեջ, որոնք պետությունից սոցիալական աջակցություն են ստանում: «Խոսքը, մասնավորապես, կոմունալ ծախսերի, ինչպես նաեւ անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասին է: Սահմանվել են հեռավորության որոշակի պահանջներ, կա որոշակի մեթոդաբանություն: Մի քանի համայնքների համար ստացվել են որոշակի առաջարկներ ու բողոքներ»,- ասաց Առաքելյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ ցանկի մեջ չեն մտել արդեն սահմանամերձ Խնձորեսկ ու Քարահունջ գյուղերը, արդյոք տեղի՞ն են հնչող մտավախությունները, թե դրանց տարածքներից ևս կարող են փոխանցվել ադրբեջանցիներին: «Այդպիսի ծրագրեր չկան:  Ես արդեն բացատրեցի, որ որոշակի չափորոշիչներ կան: Մեթոդիկայի համաձայն գյուղի սահմանամերձ կարգավիճակի սահմանումը որոշվում է սահմանից բնակելի տների հեռավորությունը պարզելու ճանապարհով, իսկ նշված համայնքների դեպքում դիտարկվել են հողամասերը»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: