շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի կրկեսներում կարգելվի լիազորված մարմնի հաստատած ցանկում ընդգրկված վայրի կենդանիների օգտագործումը

Հայաստանի կրկեսներում կարգելվի լիազորված մարմնի հաստատած ցանկում ընդգրկված վայրի կենդանիների օգտագործումը

ՀՀ Ազգային ժողովում քննարկվել է շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է նաև արգելել լիազորված մարմնի հաստատած ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
 
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ԱԺ նիստում ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
 
«Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների պաշպանության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու, օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած ՀՀ պարտավորություններով»,- նշել է նախարարի տեղակալը:
 
Նախագծով սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
 
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

  • Կիսվել: