Հայաստանի կառավարությունը մտադիր չէ վերացնել կանխիկը կրիպտոարժույթով փոխանակելու արգելքը․ Գրիգորյան
Հայաստանի կառավարությունը մտադրություն չունի վերացնել կանխիկը կրիպտոարժույթով փոխանակելու արգելքը, որը ուժի մեջ կմտնի 2026 թվականից: Այս մասին այսօրԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտնեց, որ կրիպտոարժույթների ոլորտում ներգրավված մի քանի ընկերություններ դիմել են իրեն։ Նա խորհրդարանում բարձրացրեց այն սահմանափակումների հարցը, որոնք, իր կարծիքով, կարող են խոչընդոտել նրանց առևտրին։
Արձագանքելով՝ Գրիգորյանը նշեց, որ ոչ ոք չի ցանկանում սահմանափակել թվային գումարի շրջանառությունը։
«Միակ հարցը դրանց սեփականատերերի ինքնությունը պարզելն է։ Հակառակ դեպքում կլինեն հարկերից խուսափելու ռիսկեր, քանի որ անանուն կրիպտոակտիվների շարժին հետևելը պարզապես անհնար կլինի»,-ասաց փոխվարչապետը և հավելեց, որ այս պատճառով Հայաստանի կառավարության ներսում ձևավորվել է կոնսենսուս. թվային ֆինանսական ակտիվների սեփականատերերը պետք է հայտնի լինեն հարկային մարմիններին։


