հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համավարակի պատճառով ճանապարհաշինարարական որևէ ծրագիր չի դադարեցվել. փոխնախարար

Համավարակի պատճառով ճանապարհաշինարարական որևէ ծրագիր չի դադարեցվել. փոխնախարար

«Պետական նշանակության ավտոճանապարհների» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերի իրականացման նպատակով 2020 թվականի պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 21,6 մլրդ դրամ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Նրա խոսքով՝ այդ գումարով նախատեսվում է իրականացնել 10 մարզում գտնվող շուրջ 251,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում։

«Գրեթե ամբողջությամբ ավարտել են մրցութային գործընթացները, կնքվել են պայմանագրերը և ամբողջ ծավալով սկսվում է շինարարության մեկնարկը։ Առջևում մեզ սպասվում են մեծածավալ շինաշխատանքներ»,- ասաց նա։

Ըստ նրա, իրականացման փուլում է գտնվում նաև փոխանցիկ համարվող 31 կմ  ճանապարհահատվածների շինարարությունը, որոնք չեն ավարտվել 2019 թվականին։

Հարցին, թե վարչապետը վստահեցրել է՝ մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ճանապարահաշինարարական, կորոնավիրուսի թողած տնտեսական հետևանքների պատճառով չեն հետաձգվելու, արդյոք ուժ մեջ են նախատեսված ծրագրերը, քանի որ ՊԵԿ նախագահն արդեն հայտարարել է՝ հարկերի հավաքագրման հետ կապված մտահոգություններ կան, Քրիստինե Ղալեչյանն վստահեցրեց, որ որևէ ծրագիր չի դադարեցվելու, կասեցվելու կամ դանդաղելու։

 «Հակառակը, հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ դրանք ժամանակին և արդյունավետ իրականացվեն։ Դրան զուգընթաց հատուկ քաղաքականություն ենք վարում անվտանգության միջոցառումների պահպանման ուղղությամբ։  Մեր վերահսկողության ներքո են կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների իրականացումը  տեղամասերում, շինհրապարակներում այն մարդկանց շրջանում, որոնք ներգրավված են կառուցապատման գործընթացում»,- ընդգծեց փոխնախարարը։

Նա միաժամանակ նշեց, որ որոշ գյուղերում, որտեղ համավարակի հետ կապված եղել են սահմանափակումներ, կարճ ժամանակահատվածում, զուտ այդ տարածքում որոշակի կասեցում եղել է:

Հարցին, թե կառավարությունը կորոնավիրուսի պատճառով արտագնա աշխատանքից վերադարձած քաղաքացիներին առաջարկում էր ներգրավել ճանապարհաշինության մեծածավալ աշխատանքներում, կա՞ն տվյալներ՝ քանի՞ մարդ է աշխատանք գտել Հայաստանում, Քրիստինե Ղալեչյանն ասաց, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է։

«Թե նախարարի, թե մարզպետների կողմից հայտարարություններ արվել են՝ ինչ միջոցառումներ են իրականացվում: Պետք է ասեմ, որ դա դեռևս շարունակական գործընթաց է և մենք փորձում ենք խթանել, որ համայնքներում, մարզերում, արտագնա աշխատանքից վերադարձած մեր քաղաքացիները հնարավորություն ունենան առավելագույն չափով ներգրավելու շինաշխատանքների գործընթացում»,- ընդգծեց նա։

Նա նաև նշեց, որ առաջիկայում հետազոտություն են իրականացնելու՝ պարզելու, թե որքա՞ն մարդու կարողացան ներգրավել այդ գործում։

«Մենք շինարարական կազմակերպություներին հորդորում ենք, հնարավորության դեպքում, շինաշխատանքներում ներգրավել տեղի բնակչությանը, հատկապես՝ այն քաղաքացիներին, որոնք արտագնա աշխատանքից վերադարձել են և այսօր աշխատանքի խնդիր ունեն»,

 

  • Կիսվել: