երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԼՂ հայրենակիցներին աջակցությունը կազմել է շուրջ 680 միլիոն դրամ. Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԼՂ հայրենակիցներին աջակցությունը կազմել է շուրջ 680 միլիոն դրամ. Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2023 թվականի առաջին իսկ օրերից մեծածավալ օգնություն է տրամադրել շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 19-ից հետո օրակարգային դարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային օգնության տրամադրումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«2023 թվականի սեպտեմբերի 20-ից սկսած տեղահանության օրերին միայն Կոռնիձորում և Գորիսում հիմնադրամը և տեղական մարմինները, մեծամասամբ՝ Ֆրանսիայի մեր տեղական մարմինը, աջակցեցին 20 հազար ընտանիքի՝ հաղթահարելու դժվարին ճանապարհը՝ նրանց տեղում տրամադրելով սնունդ, ջուր և վառելիք։ Այնուհետև, արագ կազմակերպված ցանցային դրամահավաքի շնորհիվ 200 տոննա աջակցություն ցուցաբերվեց Հայաստան հասած ավելի քան 42 հազար տեղահանվածների. տրամադրվեցին մեծածավալ պարենային, հիգիենայի, անկողնային և կենցաղային պարագաներ»,- նշեց նա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտեց նաև մարզային, հասարակական կազմակերպությունների դերակատարությունը, որոնց միջոցով էլ հիմնադրամը բաշխել է հումանիտար աջակցությունը Հայաստանի մարզերի մեծ մասում։

«Ընդհանուր առմամբ, եթե հաշվենք նաև 2022 թվականի ձմռան և 2023 թվականի գարնան ընթացքում շրջափակման մեջ գտնվող արցախցիներին տրված  աջակցությունը և նաև այս աջակցությունը, ծախսվել է 679 միլիոն 920 հազար դրամ կամ 1 միլիոն 722 հազար դոլար»,- եզրափակեց Արշամյանը։

  • Կիսվել: