ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստան եւ Իտալիա. երկու հսկա քաղաքակրթությունները՝ մեկ էլեկտրոնային գրքում

Հայաստան եւ Իտալիա. երկու հսկա քաղաքակրթությունները՝ մեկ էլեկտրոնային գրքում

Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ հազարամյա յուրօրինակ հարաբերությունները շարունակվում են նոր դրսեւորումներով: Հունվարի 4-ին Հռոմում ներկայացվել է թվային գիրք-կատալոգ՝ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ վերջին երկու տարիների մշակութային կապերի մասին: Նախաձեռնությունը Իտալիայում ՀՀ դեսպանությանն է: Թվային կատալոգի ստեղծմանն աջակցել են նաեւ «Դանթե Ալիգիերի» ընկերակցության երեւանյան կոմիտեն եւ իտալական Բարի քաղաքում գործող «Հրանտ Նազարյանց» կրթական կենտրոնը, գրում է armenpress.am-ը:

«Ապագա-անցյալ» անվանումով թվային գիրքն ունի 400 գունավոր էջ, երկլեզու՝ հայերեն եւ իտալերեն նկարազարդումներն ու տեքստերն այն իրադարձությունների մասին են, որոնք տեղի են ունեցել երկու երկրներում: Կատալոգում բավական մեծ տեղ է հատկացված Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի՝ 2018 թվականին Հայաստան կատարած պետական այցին: Իտալիայի Հանրաապետության նախագահի առաջին այցը համընկել էր Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի իրադարձություններին:

Գիրք-կատալոգի հենց առաջին էջերից առանձնանում են հայերի եւ իտալացիների միջեւ խոր եւ ակնհայտ փոխհարաբերությունները: «Խիտ, բեղմնավոր անցյալը՝ ճանապարհորդությունների անջնջելի հետքերով, միավորել են երկու ժողովուրդներին հին ժամանակներից. պատմություն, որը սկսվում է հենց Հռոմի կենտրոնում գտնվող Մարկոս Ավրելիոսի սյունից: Մեզ՝ իտալացիներիս ու հայերիս, միավորող երեւույթների ցանկը երկար է: Լիգուրիայից մինչեւ Սիցիլիա, Վենետիկից, Ֆրիուլիից մինչեւ Ապուլիա, հայերը թողել են յուրահատուկ հետքեր»-, նկատում է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն: Դեսպանը հավելում է, որ հայերի ու իտալացիների հարաբերություններն անցյալում չեն մնացել: Իտալիայում հայկական ներկայությունը նորանոր էջեր է բացում, որը հանդուրժողականության, ինտեգրման, համառության եւ աշխատասիրության օրինակ է: «Այն նպաստում է մեր ժողովրդի քաղաքացիական եւ սոցիալական առաջընթացին: Զուգահեռաբար, իտալական ներկայությունը դրոշմված է Հայաստանում, ինչը խանդով ու խնամքով պահպանվում է եւ արժեվորվում Երեւանի թանգարաններում, ինչը ներկայացվում է արվեստի մեջ, ներծծված՝ գիտությամբ, եւ այսօր, ինչպես երբեք, պահպանվում է յուրաքանչյուր հայի սրտում»,- եզրափակում է դեսպան Մոնակոն:

  • Կիսվել: