շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ–թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է օտարերկրյա 4 քաղաքացի

Հայ–թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է օտարերկրյա 4 քաղաքացի

Հայ–թուրքական պետական սահմանով ապօրինի սահմանահատման փորձ իրականացնելիս հունվարի 31-ին ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողների կողմից Շիրակի մարզի «Ախուրիկ» սահմանապահ ուղեկալի հատվածում ձերբակալվել են 4 օտարերկրյա քաղաքացիներ։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
 
«Գործող կարգի համաձայն` ՌԴ սահմանապահների կողմից սահմանախախտները փոխանցվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը»,– հայտնում են ԱԱԾ–ից։
ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469–րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Դատարանի որոշմամբ` սահմանախախտները կալանավորվել են։
Այլ տեղեկություններ քրեական վարույթի հետ կապված չեն հաղորդվում, քանի որ հրապարակման ենթակա չեն։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` կալանավորված անձինք Եգիպտոսի քաղաքացիներ են։
Հիշեցնենք, որ միջպետական պայմանագրի շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությունը զբաղվում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությամբ։

  • Կիսվել: