Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից դուրս են բերել 3 տուժածի. ամփոփվել է աղետի գոտում առաքելությունն ավարտած փրկարարների աշխատանքը
ՆԳՆ մամլո սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ Թուրքիայում և Սիրիայում իրենց առաքելությունն ավարտած փրկարարների աշխատանքի կապակցությամբ:
Մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության իրավասու պաօպերատիվ հերթափոխի պետ Գարի Արմաղանյանը, հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հրամանատար Հայկ Նաղդալյանը, նույն կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը։
Բացման խոսքով հանդես է եկել հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Այնուհետև, Գարի Արմաղանյանը ներկայացրել է միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի օրեր տևած աշխատանքը Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։
Փրկարար ծառայության փոխգնդապետը, ներկայացնելով աղետի գոտում շուրջ մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական գործողությունների մանրամասները, ընդգծել է, որ հայ փրկարարները, համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, Թուրքիայում փլատակներից դուրս են բերել 3 տուժածի։
Բացի դրանից, լայնածավալ որոնողական, այդ թվում՝ կինոլոգիական խմբերով, իրականացված աշխատանքների արդյունքում երկու երկրներում փլատակներից դուրս են բերվել ընդհանուր զոհերի 20 մարմիններ։
ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները պատասխանեցին նաև լրագրողներին հուզող հարցերին։





