Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցք ստեղծելու հարցը
Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում ժամանակավոր նավարկելի միջանցքի ստեղծման թեման և նեղուցի ականազերծման համատեղ նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Կատարի ԱԳՆ-ի սոցցանցի էջում հրապարակված հաղորդագրությունից:
Մասնավորապես, ըստ հայտարարության, Թեհրանում այսօր կայացել են Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները:
«Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել առաջարկված ժամանակավոր շրջանակային պայմանավորվածության շարունակական քննարկումներին, որը ներառում է Հորմուզի նեղուցով ժամանակավոր համատեղ նավարկելի միջանցքի ստեղծում և նեղուցի ականազերծման համատեղ նախագծի իրականացման մասին համաձայնագիր»,-ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, լարվածության նվազեցմանն ու երկխոսության համար պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերը, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Կատարի կառավարության ղեկավարն ընդգծել է հարևան երկրների ինքնիշխանությունը և նավարկության ազատությունը հարգելու անհրաժեշտությունը:



