ՄԿՈւ ոլորտում իրավական փոփոխություններ են նախատեսվում
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ամբողջությամբ վերանայվում են լիցենզավորման և հավատարմագրման, քոլեջների ֆինանսավորման կարգերը, որոնք այժմ մշակման փուլում են գտնվում։ Նախատեսվում է նաև այլ իրավական ակտերի ընդունում՝ պայմանավորված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմամբ։
Նշվել է, որ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ), որը մինչ այժմ գործում էր Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կազմում, այսուհետ կգործի որպես առանձին հիմնադրամ։ Նորաստեղծ կառույցը գործունեություն է իրականացնելու երեք հիմնական ուղղությամբ՝ մասնագիտական կրթության և դրա բովանդակության զարգացում, մասնագիտական կարողությունների կատարելագործում, ոչ ֆորմալ կրթության համակարգում, ինչպես նաև գործատուների հետ համագործակցության զարգացում։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատասխանել է քոլեջների տնօրենների հարցերին՝ անդրադառնալով ՄԿՈՒ հաստատությունների ֆինանսավորման նոր կարգին, համակարգի թվայնացմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի իրականացմանը, գերակա մասնագիտությունների համար կրթաթոշակների տրամադրմանը, ChatGPT Edu գործիքի կիրառմանը և մի շարք այլ հարցերի:



