չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մի քանի համեղ հայտարարություն կանեի, բայց քաղաքականությամբ չեմ զբաղվում. Անդրեասյան

Մի քանի համեղ հայտարարություն կանեի, բայց քաղաքականությամբ չեմ զբաղվում. Անդրեասյան

Վերջին առնվազն 10 տարում, եթե ոչ ավելի կարճ ժամանակահատվածում, այնքան սարսափելի սցենարներ ենք լսել, որոնք չեն իրականացել, և ամեն անգամ նորից նստել և ողբալ ի սկզբանե մի իրադարձություն, որը ընդամենը խոսույթի կամ քաղաքական շահարկումների մակարդակում է, ճիշտ չէ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով կանխատեսումներին, որ 300 ադրբեջանցիներ տեղափոխվելու են Հայաստան, արդեն նրանց անձնագրեր են բաժանվել, դրան հետեւելու են զինված ուժերի տեղակայում ՀՀ տարածքում և այլն։

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հակառակ դեպքում այս քաղաքական շահարկումների կողքը մի քանի այնպիսի համեղ քաղաքական այսպիսի հայտարարություններ կանեի, որ մի 10 վերնագիր կունենայիք։ Բայց քանի որ չեմ կարող մտնել այս քաղաքական խաղի ու բանավեճի մեջ, թույլ տվեք նման այսպես օդային ինչ-որ սարսափները և վախերը չմեկնաբանել»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Ալիևն է հայտարարել, որ «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության ներքո պետք է ապահովենք ադրբեջանցիների մեծ վերադարձի ծրագիրը, Անդրեասյանն ասաց. «Թող ամեն մեկը մեկնաբանի իր կալիբրի գործչին, ես երկրի ղեկավարը չեմ, որ մեկնաբանեմ այլ երկրների ղեկավարների հայտարարությունները։ Եթե Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը որևէ բան կհայտարարի, ես հաճույքով կմեկնաբանեմ։ Բայց ես չեմ հավատում բոլոր այն սարսափելի զարգացումներին, որոնք դուք նկարագրեցիք»։

Հարցին՝ հավատո՞ւմ էր, որ Արցախը կկորցնենք, նա պատասխանեց. «Չէի հավատում, լինում է, որ ես չեմ հավատում, բայց սխալվում եմ։ Միևնույն ժամանակ, որպես մարդ, եթե դուք շարունակեք ինձ ահաբեկել այս վատ խոսույթով, տխուր հայտարարություններով, ես կգնամ տուն և շատ ծանր կտանեմ դա, բայց որպես պաշտոնյա, ես որևէ այլ բան չունեմ ձեզ ասելու»։

  • Կիսվել: