ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայ եկեղեցու պատմությունը կդասավանդվի ինտեգրված մեթոդով․ նախարարի արձագանքը կաթողիկոսին

Հայ եկեղեցու պատմությունը կդասավանդվի ինտեգրված մեթոդով․ նախարարի արձագանքը կաթողիկոսին

2021-ին հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որով սահմանված են մեր մոտեցումները։ Սա է իրավիճակը և այն չի փոխվում, այն ներդրվելու է բոլոր դպրոցներում՝ այս տարվա սեպտեմբերից:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրարձավ երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի արտահայտած դիտարկմանը, որ եկեղեցին դեռ ԿԳՄՍ-ի հետ շարունակում է քննարկումները Հայ եկեղեցու պատմության առարկայի շուրջ․ «Ինչ վերաբերում է եկեղեցու կողմից բարձրացված մտահոգություններին կամ իրենց դիքորոշմանը, դա նոր չէ, մենք արդեն անցել ենք քննարկումների փուլը, որովհետև չափորոշչի քննարկման և հաստատման փուլում բազմիցս ունեցել ենք  հնարավորություն  եկեղեցու հետ  քննարկումների համար։  Իհարկե, մենք շատ ըմբռնումով  ենք մոտենում և ես չեմ կարծում որևէ պարագայում  մենք պետք է ունենանք  նույն մոտեցումը և տրամաբանությունը, շատ բնական է, որ կարծիքները կարող են տարբեր  լինել և տարբեր էլ մնալ՝ նույնիսկ քննարկումներից հետո»։

Նախարարը կարևորեց, որ տարբեր հարցերի շուրջ նախարարությունը կարողանում  է բաց խոսել եկեղեցու հետ և ստանալ գնահատականներ ու կարծիքներ․ «Մենք բավականին բաց քննարկումներ ենք ունեցել, ես ներկայացրել եմ չափորոշչի  մեր մոտեցումը և վստահեցրել, որ այն պատկերացումները, որ մենք ունենք,  չպիտի վտանգեն այն արժեքների փոխանցման հարցում, որոնք բոլորս կարևորում ենք։ Տեսնում եմ, որ դիմացի  կողմից կա տարբեր ընկալում, որ  առարկայի  դասավանդման մոտեցումը պետք է լինի առանձին առարկայի տրամաբանության մեջ։ Մենք այդպես չենք պատկերացնում և ես բացատրել եմ նաև ինչու։

Մենք ինտեգրված մոտեցնում ենք որդեգրել  հանրակրթության պետական չափորոշով  և սա ունի շատ պարզ նպատակ, ինտեգրված մոտեցումը հնարավոր է  դարձնում խաչվող գաղափարները  տարբեր առարկաների մեջ դարձնել առավել հասկանալի, տեսանելի։ Կարծում եմ՝ մեր մոտեցումը շատ հիմնավոր է և, իհարկե,  հարգանքով եմ վերաբերվում եկեղեցու դիրքորոշմանը»։ 

  • Կիսվել: