երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Հաստատվել է Գորիսի պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը

Հաստատվել է Գորիսի պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը

Ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա է ուսուցիչների համալրման խնդիր, և որոշ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ուստի, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դպրոցում աշխատելու հնարավորություն է տրվել բարձրագույն կրթություն ստացած այն մասնագետներին, որոնք չունեն մանկավարժի որակավորում, սակայն ձեռք բերած 30 կրեդիտների շնորհիվ հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այսպիսով, եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով մինչ այժմ երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մշակած ծրագրերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հունիսի 13-ի թիվ 881-Ա/2 հրամանով այդ նպատակով գործածության են երաշխավորվել նաև Գորիսի պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագիրը և դրա ուսումնաթեմատիկ պլանը:

Վերոնշյալ կրթական ծրագիրը նախատեսված է ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող այն անձանց համար («Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), որոնք «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Անգլերեն» որևէ առարկայի մասնագիտական ոլորտում ունեն բարձրագույն կրթություն և ցանկանում են ստանալ մանկավարժի հավաստագրում` կուտակելով 30 կրեդիտ մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով:

Ծրագրի տևողությունը 4 ամիս է (900 ժամի հաշվարկով, 1 ժամը՝ 45 րոպե)։ Դասընթացը կարող է իրականացվել առկա, համակցված (առկա և հեռավար/առցանց), հեռավար ուսուցման կազմակերպման ձևերով:

  • Կիսվել: