կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարկային պարտավորությունները որևէ պատճառաբանությամբ չկատարելն անընդունելի է. վարչապետը՝ վրացական համարանիշներով մեքենաների մասին

Հարկային պարտավորությունները որևէ պատճառաբանությամբ չկատարելն անընդունելի է. վարչապետը՝ վրացական համարանիշներով մեքենաների մասին

Վրացական համարանիշներով ավտոմեքենաների խնդիրը կարգավորող ՊԵԿ-ի նախաձեռնությունն իր մեջ պարունակում է բավականին լուրջ հիմնախնդիր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում դիմելով կառավարությանն ասաց ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ 2011-ից ՀՀ-ում արգելվեց ՀՀ քաղաքացիների կողմից վրացական համարանիշներով վտոմեքենաների օգտագործումը. «Հետո անհասկանալի պայմաններում 2015-ին սողանցք ստեղծվեց, որով ինչ-ինչ ապահովագրական հիմքով մարդիկ կարողանում էին վրացական համարանիշներով մեքենաներ բերել:Հիմա փորձում են կարգավորել. Ընդ որում կարգավորումը հետեւյալ կերպ է, որ ավտոմեքենայի մաքսազերծման գնի չափով մարդը պետք է գումար սառեցնի, որ  իրավունք ունենա Հայաստանում օգտագործել այդ մեքենան: Երբեմն այդ գումարն ավելի մեծ է լինում, քան բուն մեքենայի գինը եւ սա խնդիր է: Էլ չեմ ասում երկքաղաքացիների մասին, որոնք իրվունք ունեն այս կամ այն երկրի մեքենայով երթեւեկելու»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ արդեն Հայաստան վրացական համարանիշներով մեքենա ունեցողների համար պետք է այլ որոշում կայացվի, եւ ընդհանրապես արգելվի մյուսների համար վրացական համարանիշներով մեքենաների Հայաստան ներկրումն ու օգտագործումը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանում օտարերկրյա պետհամարանիշով ավտոմեքենաներ օգտագործելու ժամկետնեև եւ կարգեր կան: Մենք գիտենք, որ այդտեղ խոսքը ոչ թե վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ունենալու մասին է, այլ ՀՀ-ի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չկատարելու  մասին: Որեւէ պատճառաբանությամբ ՀՀ-ի նկատմամբ հարկային եւ մաքսային պարտավորությունները չկատարելը մեզ համար անընդունելի է: Եթե մարդիկ դա օգտագործում են որպես հարկերից խուսափելու միջոց, միանշանակ ամենակոշտ ձեւով այդ հարցը պետք է կասեցվի: Հայաստանի նկատմամբ հարկային ու մաքսային պարտավորություններ կատարել-չկատարելու վերաբերյալ ես որեւէ կոմպրոմիս չեմ պատկերացնում: Եթե մենք գնանք կոմպրոմիսների, նշանակում է անընդհատ գնալու ենք կոմպրոմիսների: Դա նշանակում է, որ մենք ասում ենք՝ մենք այդքան էլ պետություն չենք: Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ»:

Շիրակ Թորոսյանը համաձայնեց, որ խնդիրը պետք է կարգավորել, սակայն նկատեց, որ երբեմն մեքենան արժե 8 հազար դոլար, մարդուց պահանջում են 4-5 մլն դրամ սառեցնել:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Մարդը պետք է վարի այն մեքենան, որն իր հնարավորությունների սահմանում է: Ես ունեմ եւ ունեցել եմ մեքենա, եւ դրանք այն մեքենաներն են, որոնք իմ հնարավորության սահմաններում են: Այդ սառեցման գումարը մեծ է դրված, որպեսզի մարդը նախընտրի գալ, նորմալ իր մեքենան մաքսազերծի Հայաստանում: Ինչ վերաբերում է երկխաղաղացիներին, մենք դա առանձին կքննարկենք: Կստուգենք անձի Վրաստանի քաղաքացի լինելու փաստը: Եթե մարդը Վրաստանի քաղաքացի է եւ սահմանված ժամկետով իր մեքենան օգտագործում է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտ առաջացնել»:

  • Կիսվել: