երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հարցվածների 28,5 տոկոսը վստահ է՝ Հայաստանում ապրելն «ընդհանրապես անվտանգ չէ». MPG

Հարցվածների 28,5 տոկոսը վստահ է՝ Հայաստանում ապրելն «ընդհանրապես անվտանգ չէ». MPG

MPG (Marketing Professional Group – GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում) խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 18.05.2021-21.05.2021 թվականների հարցման արդյունքները, որոնք արտացոլում են հանրության վերաբերմունքը գալիք խորհրդարանական ընտրությունների, Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցող զարգացումների, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների և այլ արդիական հարցերի նկատմամբ:

"MPG" ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ ըստ հարցման արդյունքների՝ "Անվտա՞նգ է արդյոք ապրել Հայաստանում" հարցին հարցվածների 20,1% - ը պատասխանել է "միանշանակ անվտանգ", 20,6% - ը կարծում է, որ "ավելի շուտ անվտանգ է": Հարցվածների 27,7 տոկոսը նշել է, որ "ամենայն հավանականությամբ՝ անվտանգ չէ", իսկ 28,5 տոկոսը վստահ է, որ Հայաստանում ապրելն "ընդհանրապես անվտանգ չէ": Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների միայն 3,2 տոկոսը:

Ընդ որում՝ քաղաքացիների 38,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանը Սյունիքի եւ Գեղարքունիքի հետ կապված իրավիճակում կարող է հույսը դնել ՌԴ-ի եւ Վլադիմիր Պուտինի ռազմաքաղաքական աջակցության վրա, 31,3 տոկոսը հույս ունի, որ Ֆրանսիան կաջակցի, 23,8 տոկոսը ՝ ԱՄՆ -ն: Ընդ որում ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցության հետ կապված հույս ունի միայն 11,4 տոկոսը ։  ՀԱՊԿ-ի աջակցության հույս ունի ընդամենը 7,2 տոկոսը ։ Այլ տարբերակներ է դիտարկել հարցվածների 12,9 տոկոսը, իսկ 5,2 տոկոսն ընդհանրապես ձեռնպահ է մնացել պատասխանից:

Հարցման մասնակիցներին խնդրել են պաշտոնյաների գործողություններին իրենց վերաբերմունքն արտահայտել 5 բալանոց սանդղակով: Նավասարդյանի խոսքով՝ նշված բոլոր պաշտոնատար անձինք միջին գնահատականից ցածր գնահատական են ստացել։ Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,5 միավոր, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ 2,4, իսկ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ 2,3 միավոր։

Քաղաքացիները 5 բալանոց սանդղակով գնահատել են նաև հետևյալ քաղաքական գործիչների գործունեությունը. Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,5 միավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2,1 միավոր, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2,1 միավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 1,7 միավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 1,7 միավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1,5 միավոր, նույնքան միավոր է ստացել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: 1,4-ական միավոր են ստացել "Հանուն հայրենիքի փրկության շարժման" առաջնորդ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և "Հայրենիք" կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը: Եվ միայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչպես և նախորդ հարցման ժամանակ, ստացել է միջինից բարձր գնահատական ՝ 3 միավոր։

  • Կիսվել: