հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀԱՓԿ տնօրենն այցելել է Դամասկոսի արվարձանում ականազերծման աշխատանքներ իրականացնող հայ մասնագետներին

ՀԱՓԿ տնօրենն այցելել է Դամասկոսի արվարձանում ականազերծման աշխատանքներ իրականացնող հայ մասնագետներին

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի (ՀԱՓԿ) տնօրեն Վաղինակ Սարգսյանը մարտի 16-17-ն այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոսի արվարձանի Դարայա շրջանում իրականացվող ՀԱՓԿ-ի ականազերծման խմբին։ Այցի նպատակն էր գնահատել ընթացիկ գործունեությունը և պլանավորել հետագա գործողությունները:
 
Տնօրենը հանդիպել է ծրագրի ղեկավար կազմի, գործառնական անձնակազմի, ինչպես նաև դաշտում աշխատող օպերատորների հետ, որոնք մաքրման աշխատանքներ են իրականացնում պայթուցիկ զինամթերքով աղտոտված տարածքներում:
 
2021 թվականի դեկտեմբերի 6-ից ի վեր ենթամակերեսային մաքրման է ենթարկվել ավելի քան 124 300 ք. մ և մակերեսային մաքրման՝ 330 600 ք. մ տարածք, ինչպես նաև հայտնաբերվել և նշագրվել է 142 միավոր պայթուցիկ զինամթերք հետագա ոչնչացման նպատակով:
 
Սիրիա կատարած այցի շրջանակում համակարգման նիստ է տեղի ունեցել Միացյալ ազգերի ականազերծման ծառայության (ՄԱԿԱԾ), Միացյալ ազգերի ծրագրերի իրականացման (ՄԱԿ ԾԻԳ) գլխավոր գրասենյակի պատվիրակության՝ ի դեմս Ծրագրերի, պլանավորման և կառավարման ղեկավար Ստեֆեն Փրիթչարդի, ՄԱԿ ԾԻԳ-ի խաղաղության և անվտանգության փոխտնօրեն Սալման Հաքի, ՄԱԿ ԾԻԳ-ի պորտֆոլիոյի և ՄԱԿԱԾ-ի Սիրիայի արձագանքման ծրագրի ավագ մենեջեր Ջոնաս Գաուդարիի, Հակաականային ծրագրի ղեկավար Ջեիվդ Հաբիբուլհաքի և Գործողությունների ղեկավար Արտյոմ Հարությունյանի հետ համատեղ:
 
Դեկտեմբերի 17-ին ՄԱԿԱԾ-ի և ՄԱԿ ԾԻԳ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակությունն այցելել է ՀԱՓԿ-ի աշխատանքային տեղամաս, որտեղ այցելուներին ներկայացրել և ծանոթացրել են իրականացված գործունեության հետ:
 
ՄԱԿԱԾ-ի և ՄԱԿ ԾԻԳ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակությունը բարձր է գնահատել ՀԱՓԿ-ի ծրագրի ղեկավարության և ականազերծողների իրականացրած հակաականային գործունեությունը:

  • Կիսվել: