շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի կառուցման համար պահուստային ֆոնդից 693 մլն դրամ հատկացվեց

Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի կառուցման համար պահուստային ֆոնդից 693 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում որոշեց վերաբախում կատարել 2023-ի բյուջեի մասին օրենքում եւ գումար հատկացնել  Հանրային հեռարձակողի խորհրդին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության, ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության և Չինաստանի առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրվել է Ընկերության նոր 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) կառուցման նախագծի իրականացման պայմանագիրը, համաձայն որի չինական կողմի պարտավորությունը նախնական գնահատմամբ կազմում է  191 մլն ժենմինբի (RMB):

Համաձայն պայմանագրի՝ հայկական կողմը, ի դեմս Հանրային հեռուստաընկերության, այլ պարտավորությունների հետ մեկտեղ, կրում է նաև շինարարության հետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցման աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումների ապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերը:

2023 թվականին շինարարական աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտ ֆինանսական հատկացումների ընդհանուր գումարը նախատեսվում է մոտ 663 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ, իսկ 2024թ.-ի կտրվածքով՝ 189 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

Ըստ այդմ, 2023 թվականին անհրաժեշտ անվտանգության սարքավորումների ձեռքբերման արժեքը նախատեսվում է մոտ 30 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

Այսպիսով՝ 2023 թվականին Ընկերությանը անհրաժեշտ կլինի 693 մլն ՀՀ դրամ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ինչը ենթակա չէ ԱԱՀ–ով հարկմանը, քանի որ սույն կապիտալ դրամաշնորհը ծառայությունների մատուցում չի ենթադրում: Ինչ վերաբերում է 2024 թվականին շինարարական աշխատանքների գծով անհրաժեշտ 189 մլն ՀՀ դրամին, ապա վերջինս ներառվել է Ընկերության 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին կիրականացվի 693,000.0 հազար դրամ ծախս:

  • Կիսվել: