երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Հանձնաժողովը քննարկեց մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգը վերանայող նախագիծը

Հանձնաժողովը քննարկեց մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգը վերանայող նախագիծը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթ, որի կարգավորման առարկան մետաղական հանքավայրեր արդյունահանող ու շահագործող ընկերությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգի վերանայումն ու զուգահեռաբար մետաղական խտահանքի արտահանման համար նախատեսված պետական տուրքի կիրառությունից դուրսբերումն է:

«Նախագծերի փաթեթն առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում շարունակվել է քննարկվել: Կառավարությունը 4 առաջարկ ունի՝ կապված Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի հետ:

Քննարկման առարկա է դարձել, որ պետական տուրքի ներկայիս համակարգը կիրառվելու է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, բայց այն ընկերությունները, որոնք ուսումնասիրության արդյունքներով կգնահատվեն որպես այս համակարգի կիրառությունից անհաղթահարելի դժվարություններ կրող ընկերություններ, Կառավարությունը կքննարկի պետական տուրքի գումարները վճարելու առումով հասցեական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, նպատակահարմարությունը:

Գործող օրենսդրության կարգավորումներն այնպիսին են, որ եթե Կառավարությունը որոշի ոլորտի այս կամ այն ընկերությանն օգնել պետական տուրքի գումարները վճարելու հարցում, ապա պետական բյուջեից տրամադրվող գումարները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվի այդ ընկերությունների մոտ, բայց միևնույն ժամանակ այդ պետական տուրքի գումարները կհամարվեն ընկերությունների կողմից վճարված պետական տուրքի գումարներ: Ըստ այդմ՝ ընկերություններն այլ հավասար պայմաններում իրավունք կստանան շահութահարկով հարկման բազան նվազեցնել պետական տուրքի գումարների չափով, ինչն այս պարագայում արդարացված չի լինի:

Խնդիրը լուծելու համար առաջարկվում է օրենսգրքով ամրագրել, որ այն գումարները, որոնք պետությունից կստացվեն հարկային պարտավորություններ կատարելու առումով և հետևաբար գործող կարգավորումներով արդեն իսկ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն, միևնույն ժամանակ շահութահարկով հարկման նպատակով ծախս չհամարվեն, որպեսզի այս անհավասարությունը և անարդար իրավիճակը չունենանք»,- ասաց Պողոսյանը:

  • Կիսվել: