շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հանդիպում-քննարկում ԱՆ-ում՝ պալիատիվ խնամքի վերաբերյալ

Հանդիպում-քննարկում ԱՆ-ում՝ պալիատիվ խնամքի վերաբերյալ

Պալիատիվ խնամքի կարիք ունեցող պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ընթացակարգերի համատեքստում, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում:

Հանդիպումն անցկացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ներկա են գտնվել նաև ոլորտի մասնագետներ, Ներքին գործերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արտակ Ջումայանը կարևորել է պալիատիվ խնամքի կարիք ունեցող պացիենտների բուժօգնության և սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների վերհանման անհրաժեշտությունը՝ հատկապես նշելով թմրամիջոցների դուրսգրման ընթացակարգում առկա խոչընդոտները և ԱՐՄԵԴ համակարգում բարեփոխումների իրականացման հնարավոր ուղիները։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք կարևոր հարցեր՝ կապված բժիշկների վերապատրաստման անհրաժեշտության, ցավի կառավարման և պացիենտների իրավունքների, հանրային իրազեկման արշավների կազմակերպման, անձնական տվյալների պաշտպանության և դեղերի նշանակման ընթացքում ծագած խնդիրների վերաբերյալ։

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքերով մշակել պացիենտների իրավունքների պաշտպանությանը, պատշաճ ցավազրկման համար թմրամիջոցների հասանելիությանն ու մատչելիությանը, ինչպես նաև` թմրամիջոցների նշանակման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներ։
➡️ Նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական և կնպաստեն ոլորտում առկա խնդիրների համակարգված լուծմանը, պալիատիվ խնամքի ծառայությունների որակի բարձրացմանը։

  • Կիսվել: