հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը․ «Փաստ»

Համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին ընդառաջ նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Երևանի «Գրանդ հոթել» հյուրանոցում (Աբովյան փող, 14 շենք) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբի համատեղ մամուլի ասուլիսը: Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովը։

Համաժողովը տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն է, որը մեկ հարկի տակ է հավաքելու հարյուրավոր գիտնականների և գործարարների, որոնք կքննարկեն Հայաստանում գործարար ոլորտում գիտության ներգրավվածության չափաբաժնի ավելացման, գիտության առևտրայնացման վերաբերյալ տարբեր հարցեր: Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի կունենան «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական», «Գլոբալ միտումները և Հայաստանը. Հայացք դեպի ապագա» և «Գիտության հզորացումը. կամուրջ գիտության և գործարարության միջև» խորագրերով պանելային քննարկումները:

Միջոցառման ընթացքում կքննարկվեն նորարարական գաղափարներ և նախագծեր, որոնք միտված են լինելու մեր կյանքի փոխակերպմանը, մարդկությանը սպասվող մարտահրավերներ, հայկական բիզնեսի հաջողության ոգեշնչող պատմություններ և այլ արդիական թեմաներ։ Նախարարության նախաձեռնած այս համաժողովի նպատակն է բացահայտել այն հնարավորությունները, որոնք ունեն գիտությունն ու գործարարությունը՝ փոխլրացնելով իրար և երաշխավորելով տնտեսության և գիտական մտքի շարունակական զարգացումը: Այս համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը և լավագույն հարթակ, որպեսզի վեր հանվեն Հայաստանի տնտեսական զարգացման արդիական ուղղությունների առկա ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև վերոհիշյալ պանելային քննարկումներում արծարծվող թեմաների միջոցով քննության առնվեն այն հնարավոր նորարարական գաղափարները, որոնք կարող են հիմք դառնալ երկրի տնտեսական և ոչ միայն տնտեսական կյանքի վերափոխման համար:

Նշանակալի է նաև համաժողովին Նասիմ Թալեբի մասնակցությունը, որի «Պատահականության խաբկանքից մոլորվածները» բոլորովին վերջերս է թարգմանվել հայերեն: Թալեբի ներկայությունը Հայաստանում կարող է նոր խթան հանդիսանալ գործարարության ոլորտում արդիական և քարացած բազմաթիվ պատկերացումները շրջանցելու համար։

  • Կիսվել: