շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Համակարգային կոռուպցիայի վերածնունդը՝ պետությանը պատկանող մեկ առանձին խոշոր հիմնարկության օրինակով

Համակարգային կոռուպցիայի վերածնունդը՝ պետությանը պատկանող մեկ առանձին խոշոր հիմնարկության օրինակով

Համակարգային կոռուպցիայի վերածնունդը՝ պետությանը պատկանող մեկ առանձին խոշոր հիմնարկության օրինակով: Այս մասին իր գրառման մեջ նշել է  «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
«2020թ.-ին, հեղափոխությունից հետո մրցույթի արդյունքներով ՀայՓոստ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվում Հայկ Կարապետյանը:
Թե ինչ արդյունքներ արձանագրվեցին այս երիտասարդ ու արհեստավարժ տնօրենի նշանակմամբ կարելի է դատել մեկ փաստով. եթե մինչեւ նրա նշանակումը ՀայՓոստը ՄԱԿ-ի Համաշխարհային փոստային միության (Universal Postal Union-UPU) վարկանիշով զբաղեցնում էր աշխարհում 80-րդ տեղը, զիջելով, ի դեպ, թե՛ Վրաստանին եւ թե՛ Ադրբեջանին, ապա նրա նշանակումից հետո ընդամենը 1 տարի անց (2021թ.-ի արդյունքներով) Հայփոստը արդեն զբաղեցնում էր 48-րդը, այսինքն բարձրացել է 32 կետով՝ առաջ անցնելով Վրաստանից էլ, Ադրբեջանից էլ: Սա այն ժամանակվա հազվադեպ հաջող նշանակումներից էր: Ի դեպ, նա որեւէ կապ չի ունեցել ՔՊ-ի հետ, ընդամենը հայտ է ներկայացրել բաց մրցույթին եւ հաղթել: Դե հիշում եք հետհեղափոխական շրջանը՝ հույսերով լի:
 
Հայկի աշխատանքի արդյունք հանդիսացող եւս երկու ցուցանիշների մասին ասեմ. եթե մինչեւ իր նշանակումը նամակը Հայաստանի ներսում հասնում էր 4-5 օրում, ապա նրա գալուց հետո՝ 2 օրում: Հայաստանով մեկ 9 նոր կենտրոններ են բացվել: Ստվերային շրջանառություններով եւ մեքենայություններով հայտնի այս հիմնարկությունից Հայկը ատեստավորման արդյունքում հեռացրել է 1040 աշխատակից, ընդունելով նոր կադրերի, ներդնելով աշխատակիցների համար բոնուսային խրախուսման համակարգ, իրականացնելով այլ նորարարություններ, դրա շնորհիվ, օրինակ, արմատախիլ է արվել թոշակառուներից թուշակը ստանալիս ՙՙլեվի՚՚ փող վերցնելու արատավոր պրակտիկան: Ու ինձ համար ամենակարեւոր ցուցանիշն այն է, որ ես ինքս, որպես շարքային հաճախորդ, տեսնում էի Հայփոստի աշխատանքի կտրուկ բարելավումը:
ՀայՓոստը նման զարգացման համար անգամ արժանացել է UPU-ի մրցանակի, որը սակայն, Հայկ Կարապետյանին չէր վիճակվել ստանալ: Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով Հայկը ազատվեց աշխատանքից, իսկ նրա փոխարեն մրցանակը ստացավ ՀայՓոստի նոր ղեկավարը: Իսկ ինչո՞ւ Հայկին ազատեցին աշխատանից եւ ո՞ւմ նշանակեց Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր գործադիր տնօրեն:
 
Հայփոստի շենքը վաճառելու փորացավը, ոնց հասկանում եմ, պատել էր ոչ միայն կոնկրետ գործարարի, ով ուզում էր այն քանդել եւ դրա փոխարեն ավելի բարձր եւ շքեղ շենք կառուցել, այլ այդ գործարարի հետ աֆիլացված պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետի շրջապատից: Հայկ Կարապետյանը ընդդիմացել է այդ ծրագրին եւ որպես Հայփոստի տնօրեն չի համաձայնել շենքի քանդմանը: Ինչպես տեսնում ենք, որոշ մարդկանց բիզնես շահերն ավելի արժեքավոր գտնվեցին, քան Հայաստանում փոստային ծառայության շահերը, դրա որակյալ մատուցումը ՀՀ քաղաքացիներին: Շենքի օտարման եւ քանդման որոշումը արդեն ընդունված է, իսկ Հայկ Կարապետյանը՝ ազատված աշխատանքից:
Ի դեպ, Հայկը Հայփոստի բարձր ցուցանիշների շնորհիվ հաջողացնում է UPU-ից 260.000 դոլարի դրամաշնորհ բերել Հայաստան, որից 67000-ը՝ տեսակավորման կենտրոնի ավտոմատացման համար, իսկ մնացածը 12 հատ երեքակնանի էլեկտրոմոբիլների համար: Այս վերջինները, արդեն Հայկին հանելուց հետո, անցած տարվա օգոստոսին տեղ են հասել, բայց մինչեւ օրս պահեստում են եւ չեն օգտագործվում:
 
Իսկ ո՞ւմ նշանակեց Նիկոլ Փաշինյանը Հայփոստի գլխավոր գործադիր տնօրեն: Արայիկ Աբրահամյանին, ով մինչեւ Հայկ Կարապետյանի նշանակումը երկար տարիներ եղել է Հայփոստի փոխտնօրեն: Եւ ում օրոք, օրինակ.
 
- 2012թ.-ին Հայփոստը իբր 1,4 մլն դոլարանոց ծրագիր է գնել, որով պետք է ներքին նամակագրություն իրականացվեր, ու որը, սակայն, չի էլ գործել: Ու երբ ԱԱԾ-ն եկել է ստուգման՝ Հայփոստի տնօրինությունը, որի մաս է կազմել Արայիկ Աբրահամյանը, հրահանգ է իջեցրել Հայփոստի բոլոր բաժանմունքներին, որպեսզի այդ չեղած ծրագրի իկոնկան դնեն իրենց համակարգիչների դեսկթոպերի վրա: Արդյունքում ԱԱԾ-ն եկել ՙՙստուգել է՚՚ ու ՙՙպարզել՚՚, որ ծրագիրն առկա է: Ու այդ չգործող ծրագրի սպասարկման համար էլ 5 տարի շարունակ տարեկան 60.000 դոլար գումար է հատկացվել Հայփոստի բյուջեից: Այժմ ՊՎԾ-ն ստուգում է այդ գործը, կանչում է այդ ժամանակվա աշխատողներին, հարցնում, թե տեղյա՞կ են նման ծրագրից, ու մարդիկ միաբերան պնդում են, որ առաջին անգամ են դրա մասին լսում: Հարց ԱԱԾ-ին. այն ժամանակվա հետաքննության գործերում արդյո՞ք կա տեղեկանք՝ տրված Արայիկ Աբրահամյանի կողմից, այն մասին, որ այդ ծրագիրը եղել է եւ աշխատել:
 
- Ռոբերտ Քոչարյանին պատկանող Կոնվերս բանկի բանկոմատները Հայփոստի գրասենյակներում տեղադրելու համար նախորդ տնօրինության օրոք, որում Արայիկ Աբրահամյանը փոխտնօրեն էր, այդ բանկը Հայփոստին վճարել է 20.000 դրամ վարձակալության վճար: Թե ինչ արհեստական ցածր գին է դա եղել երեւում է այն փաստից, որ Հայկ Կարապետյանի նշանակումից հետո այդ պայմանագրերը լուծվել են եւ վարձավճարի չափը հասցվել է 150.000 դրամի: 7,5 անգամ ավելի, Կառլ! Ի՞նչ է, նախկին տնօրինությունը չգիտե՞ր շուկայական գները որքան են: Իհարկե գիտեր, պարզապես դասական ստվերային գործարք է կնքել, որտեղ, վստահաբար, իրենց նյութական շահերն են ունեցել եւ գոհ են մնացել թե՛ բանկը, թե՛ տնօրինությունը՝ պետության /ում պատկանում է Հայփոստ ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը/, այսինքն՝ մեր, քաղաքացիներից գրպանի հաշվին:
 
- Հայփոստը նույն այդ Կոնվերս բանկում հաշիվ է ունենում, որի վրա տարիներ շարունակ դեռ 90-ականներից կուտակված պահուստային 4 մլն դոլար գումար է դրված լինում (գոյացել էր աշխատակիցների՝ արձակուրդայինների չվճարումների հետեւանքով, թեեւ մարդիկ, ամեն դեպքում, գնացել են արձակուրդ, բայց առանց ձեւակերպման), սակայն որպես դեպոզիտ չի ձեւակերպվել, որի արդյունքում, դրա շրջանառության մեջ մտցնելու դիմաց շահույթը ստացել է բանկը, իսկ տոկոսներն էլ, վստահաբար, կիսվել Հայփոստի այն ժամանակվա տնօրինության հետ: Հայկ Կարապետյանը տնօրեն նշանակվելուց հետո ծանուցում է Կոնվերսբանկին, որ պատրաստվում է փակել Հայփոստի այդ հաշիվը եւ հանել գումարը, որից հետո բանկը միանգամից 4 տոկոս տարեկան տոկոսադրույքով դեպոզիտ ձեւակերպելու առաջարկ է անում: Հաշվո՞մ եք 4 մլն դոլարի 4 տոկոսը: 160.000 դոլար: Ամեն տարի: Սրանից ո՞ր մասն է բաժին հասել նորանշանակ գլխավոր գործադիր տնօրենին, ով այն ժամանակ փոխտնօրեն էր: Նրան նշանակած Նիկոլ Փաշինյանին ենթակա ԱԱԾ-ն ի վիճակի՞ է դա պարզել:
 
Ու այսքան պետական եւ հանրային միջոցներ լափելու հետ մեկտեղ այդ ջեբկիր ՙՙտնօրինությունը՚՚ գրեթե ոչ մի ամորտիզացիոն ծախս չի արել Հայփոստի գույքի, շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Անգամ շատ դռներ առանց բռնակների են եղել, իսկ անձրեւաջրերը տեղ-տեղ հոսել են հարկերի ներքո: Ով գիտե՝ այն ժամանակ մինչեւ Սերժ, մինչ այդ էլ՝ մինչեւ Քոչարյան ատկատները այս բոլոր մեքենայությունների համար լավ էլ հասցրել են:
 
Ի դեպ, Արայիկ Աբրահամյան անուն-ազգանունով այս սուբյեկտը, եկած-չեկած տապալել է Հայկ Կարապետյանի նախաձեռնած նոր նախագծերը՝ Արմոտեխը, Փոստմարկետը, որոնք փակվելու եզրին են: Բերբեր ծրագիրը, որը դարձել էր Գլոբինգ-ի մրցակից, եւս տխուր վիճակում է, Հայփոստ-մեդ-ի առցանց հարթակները պատրաստ են, բայց չեն ներբեռնվում (դե, երեւի, դեղատնային խոշոր ցանցերի տերերը, ում հետ մրցակցում էր Հայփոստը, շաաատ են ՙՙխնդրել՚՚ Արայիկ Աբրահամյանին, որ այնպես անի, որ Հայփոստը ՙՙիրենց՚՚ շուկա չմտնի) վերացրել է աշխատակիցների բոնուսները, որի արդյունքում շատերը դուրս են գալիս աշխատանքից, իսկ ոմանց էլ հենց ինքն է հեռացնում՝ վերականգնելով իր հին ՙՙթայֆայի՚՚ կադրերին, ում աշխատանքից ազատել էր Հայկ Կարապետանը: Ու սա ընդամենը ոչ ամբողջական պատկերն է Հայաստանի Հանրապետությանը պատկանող այս խոշոր ու խիստ կարեւոր հիմնարկության տանիքի ներքո տեղի ունեցող վտանգավոր բացասական գործընթացների: Կոնկրետ այս դեպքին դեռ ավելի մանրամասն հատուկ տեսանյութով, հավանաբար, կանդրադառնամ:
 
Ու հիմա Նիկոլ Փաշինյանը զարմանում է, թե այդ ինչպես է ստացվում, որ Թրանսփերենսի Ինտերնեյշընլ հակակոռուպցիոն միջազգային ընկերության վարկանիշներով Հայաստանը կոռուպցիայի ցուցանիշով սկսել է ետնահանջ արձանագրել:
 
Հայաստանում ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ կոռուպցիան սկսել է վերածնվել, պարոն վարչապետ, եւ եթե այդ կործանարար գործընթացի հովանավորն անձամբ Դուք չեք, ինչին շատ եմ ուզում հավատալ, ապա դրա հովանավորները Ձեր անմիջական շրջապատից են»:

  • Կիսվել: