ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հակահամաճարակային ալյանսը հակադարձել է ՄԻԱՎ-ով անձանց վերաբերյալ նախագծի առնչությամբ ԱՆ-ի պարզաբանմանը

Հակահամաճարակային ալյանսը հակադարձել է ՄԻԱՎ-ով անձանց վերաբերյալ նախագծի առնչությամբ ԱՆ-ի պարզաբանմանը

Հակահամաճարակային ալյանս նախաձեռնության մասնագետներն արձագանքել են ՀՀ առողջապահության նախարարությանը պարզաբանը՝ կապված Ազգային ժողովում քննարկված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախագծերի հետ: «Արմենպրես»-ին տրամադրած նամակում մասնագետները նշում են, որ Առողջապահության նախարարության պարզաբանման մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող բազում տեղեկություններ:

Առողջապահության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը միտված է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը, առկա օրենսդրական բացերը լրացնելուն, գործող 1997թ-ին ընդունված օրենքը արդի մոտեցումներին համապատասխանեցնելուն: Այս դիտարկմանը հակադարձելով՝  Հակահամաճարակային ալյանսը նշում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքներն արդեն իսկ պաշտպանված են գործող օրենքով (հոդվածներ 12,13,14,15), իսկ նախագիծը որևէ առնչություն չունի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը, առկա օրենսդրական բացերը լրացնելուն:
 

«ՀՀ օրենքում փոփոխությունների հիմնական նպատակը առողջապահության նախարարության մատուցմամբ կառավարության կողմից ընդունված և արդեն իսկ իրագործված, ՁԻԱՀ-ի կենտրոնի ապօրինի վերակազմավորման (փաստացի լիկվիդացման) նշված օրենքին հակասող որոշման ու գործողությունների պոստֆակտում լեգիտիմացումն է: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը այլևս չի գործում, որպես առանձին կառույց, կամ նույնիսկ այլ կառույցի մեջ, մինչդեռ օրենքը դեռևս ուժի մեջ է, ապա օրենքի նախագծի առաջարկվող փոփոխությամբ կառավարությունը, ի դեմս առողջապահության նախարարության՝ փորձում էր ընդամենը վերացնել օրենքին հակառակ ընդունված որոշման իրավական խոչընդոտը: Փորձ էր արվում գործառութային բնույթի մի շարք դրույթների միջոցով, որոնց ամրագրումն օրենքում անիմաստ է, առաջին անգամ ՀՀ որևէ օրենքում ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, նաև առանց ծնողի իմացության հետազոտության պատասխանի տրամադրման տարիքային շեմը 16-ից իջեցնել 14»,-ասված է Հակահամաճարակային ալյանսի նամակում:

Նախարարությունը նշում է, որ նախագծում 14 տարեկանների թեստավորման վերաբերյալ որևէ փոփոխություն ներառված չէ, սույն կարգավորումը վաղուց ամրագրված է գործող օրենքում: Հակահամաճարակային ալյանսն էլ պնդում է, որ ներկայացված նախագծում հնարավորություն է տրվում 14 տարեկանից բարձր տարիքի երեխաներին ստանալ հետազոտության արդյունքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից։ Այսինքն, առաջարկվող նախագծում խոսքը վերաբերում է ոչ թե հետազոտություն անցնելու հնարավորությանը, այլ պատասխանը ստանալուն, որն էականորեն տարբերվում է առաջինից։ Ալյանսի մասնագետների կարծիքով, դեռևս վերջնականապես չձևավորված հոգեկերտվածքով 16 տարեկանից ցածր տարիքի դեռահասին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության դրական արդյունքը հայտնելը հղի է անցանկալի հետևանքներով, ընդհուպ ինքնասպանությունը, նաև առկա է դեռահասի մոտ ախտորոշումը թաքցնելու և բուժումից խուսափելու վտանգ, ախտորոշման կարևորության և դրա հետ կապված առանձնահատկությունների թերի ընկալում, ինչը կարող է բերել վարակի տարածման առումով սեռական վարքագծի վտանգավոր դրսևորումների: Դրանից բացի, հետազոտության պատասխան ստանալն ինքնանպատակ չէ, այլ ենթադրում է ախտորոշման դեպքում բուժման տրամադրում, որը ցմահ գործընթաց է: Բժշկական օգնության և սպասարկման օրենքով 16 տարին չլրացած պացիենտի բժշկական միջամտության համար համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը: Այսպիսով, միևնույնն է, 16 տարին չլրացած ՄԻԱՎ վարակով երեխան առանց օրինական ներկայացուցչի չի կարող բուժում ստանալ:

 

Առողջապահության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ քրեական պատասխանատվության շրջանակներում ամրագրված կետերը խոչընդոտ են ՄԻԱՎ-ի նկատմամբ թեստավորում անցնելու, կարգավիճակի բացահայտման, համապատասխան բժշկական օգնության դիմելու համար: Ալյանսի մասնագետների կարծիքով, թեստավորման նպատակով բժշկի դիմում են այն անձինք, ովքեր դեռևս չգիտեն իրենց ՄԻԱՎ-կարգավիճակի մասին, հետևաբար նրանց վրա քրեական օրենսգրքի նշված դրույթը չի տարածվում։ Այն հստակ վերաբերվում է այն անձանց, ովքեր արդեն իսկ հետազոտվել, ախտորոշվել են և գիտեն իրենց ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին և վտանգի են ենթարկում այլ անձանց։ Այլ անձին  ՄԻԱՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը որևէ առնչություն չունի ՄԻԱՎ վարակով պացիենտների կողմից բժշկական օգնության դիմելու կամ չդիմելու հետ:

Ըստ առողջապահության նախարարության՝  ՄԻԱՎ-ի բուժման ժամանակակից դեղերը և բուժումը միանշանակ թույլ են տալիս վարակի փոխանցումը դարձնել անհնար, և այս տրամաբանության մեջ, գործող քրեական օրենսգրքում ամրագրված դրույթները չեն արտացոլում և ապահովում փոխարժեք ներգործության միջոցներ: Հակադարձելով Առողջապահության նախարարությանը՝  ալյանսը պնդում է, որ ՄԻԱՎ-ի բուժման ժամանակակից դեղերի անգամ պարտաճանաչ ընդունման դեպքում վարակի փոխանցման հավանականությունն էապես նվազում է, բայց ոչ դառնում անհնար:

Դեղակայունության զարգացման, դեղերի ոչ կարգապահ ընդունման, մատակարարման ընդհատման դեպքերում այդ հավանականությունը սկսում է աճել: Բացի այդ, միշտ կան և լինելու են պացիենտներ, որոնք ունենալով ախտորոշում, կամ բուժումը դեռ սկսած չեն լինելու, կամ ընդհատած են լինելու, կամ հրաժարվելու են բուժումից:

Առողջապահության նախարարության պարզաբանման համաձայն՝ այս բոլոր փոփոխությունների և լրացման արդյունքում հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը, ապահովել վերջիններիս իրավունքների անխոչընդոտ իրացումը, ինչը դրական կանդրադառնա երկրում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և բուժման ծառայությունների ընդլայնման գործընթացի վրա: Ալյանսի մասնագետները կարծում են, որ ներկայացված փոփոխությունները որևէ աղերս չունեն ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, վերջիններիս իրավունքների անխոչընդոտ իրացման ապահովման, ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և բուժման ծառայությունների ընդլայնման գործընթացի հետ:

Առողջապահության նախարարությունը համոզված է, որ նախագծի ընդունման հետաձգումը նպաստելու է ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության շարունակությանը, իսկ ալյանսը կարծում է, որ սա շանտաժի տարրեր պարունակող բացահայտ կեղծիք է, քանի որ գործող օրենքը ՄԻԱՎ-ով ապրող անձանց տալիս է իրավունք ստանալ ոչ խտրական վերաբերմունք, ինչպես նաև բազմաթիվ այլ իրավունքներ։ Ըստ ալյանսի՝ առաջարկվող փոփոխությունները որևէ ազդեցություն չունեն նրանց նկատմամբ խտրականության վրա:

  • Կիսվել: