կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հացադուլ հայտարարած երիտասարդները Արցախն Ադրբեջանի կազմում չպատկերացնողներին 19։30-ին հրավիրում են Ազատության հրապարակ

Հացադուլ հայտարարած երիտասարդները Արցախն Ադրբեջանի կազմում չպատկերացնողներին 19։30-ին հրավիրում են Ազատության հրապարակ

44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, որն իր ընկերոջ՝ Արթուր Ավագյանի հետ Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել, երիտասարդներին կոչ է անում իրենց միանալ ոչ թե հացադուլով, այլ՝ այլ ֆորմատով։

«Կլինի նստացույց, կլինի ուղղակի մեր հանրային քննարկումներին միանալը, գալ, լսել մեզ, կարծիքներ փոխանակել», - ուղիղ եթերի ժամանակ ասաց Կիրակոսյանը։

Նա նշեց, թե իրենց հացադուլը ապակուսակցական է, վերանձնային տիրույթում է. իրենք Արցախի շուրջ ստեղծված մտահոգության մարմնավորումն են։

44-օրյա պատերազմի մասնակցի խոսքով՝ իրենք Ազատության հրապարակում են, որովհետև մտածել են՝ եկել է պահը, որ գաղափարի, բացարձակ արժեքների շուրջ պետք է կանգնել անձերից վեր:

«Մենք հասկանում ենք, որ փորձեր են կատարվում մեզ ասոցացնել անձերի, ուժերի հետ, դրանք կեղծ են, այստեղ ոչ թե անձերի ասոցացիա է, այլ գաղափարի շուրջ նույնականացում է. եկել է պահը, որ եթե հարցն արդեն առչնվում է կենսական շահերին, ապա պետք է վեր կանգնել անձերից», - հայտարարեց Նվեր Կիրակոսյանը։

Տղաների ակցիայի թիրախը անկախության սերունդն է` այն մարդիկ, ովքեր ծնվել են 1990-ականներին ու դրանից հետո, սակայն իրենք դիմում են ոչ միայն անկախության սերունդին, այլև՝ անկախության մարդկանց, ովքեր ծնվել են 1990-ականներից առաջ, բայց այն գաղափարները, որոնք իրենք են առաջ քաշել, կարևոր են այդ մարդկանց համար։

Նվեր Կիրակոսյանը հայտարարեց, թե պահն է եկել, որ ամեն մեկը դուրս գա իր կոմֆորտ զոնայից ու միանա իրենց Ազատության հրապարակում։

«Մենք ասում ենք՝ կա մտահոգություն, հասել ենք արժանապատվության կարմիր գծին, իրավիճակը ծայրահեղ է, հացադուլի նպատակը այս «սիգնալը» տեղ հասցնելն է», - ասաց հացադուլ հայտարարած երիտասարդը։

Կիրակոսյանը խնդրելով պահանջեց, որ այսօր՝ 19։30-ին, մարդիկ գան Ազատության հրապարակ, քննարկեն, հասկանան՝ ինչ ունեն անելու։

«Եթե դուք գալիս եք, այնքան շատանում է հավանականությունը, որ մեք շուտ դուրս կգանք հացադուլից։ Մեզ պետք չի խղճալ, մենք մեզ գերազանց ենք զգում, ամենակարևորը՝ սթափ ենք։ Մենք հաշտ ենք ցանկացած անձի հետ, ով կիսում է մեր մտահոգությունն ու ասում է՝ մենք չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում», - հավելեց 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը:

  • Կիսվել: