կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Գյումրիում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, պարեկներն ու փրկարարները

Գյումրիում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, պարեկներն ու փրկարարները

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ճակատ ճակատի բախվել են «BMW» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի և վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ։

Տարածքը նույն վաշտի պարեկները սահմանազատել են։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: