Գյումրիի թիվ 7 և 15 հիմնական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները հյուրընկալվել են խորհրդարանում
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Դավիթ Առուշանյանը և Էմմա Պալյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպել են խորհրդարան այցելած Գյումրու թիվ 7 և 15 հիմնական դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Աշակերտները հետաքրքրվել են խորհրդարանում պատգամավորների գործունեությամբ և ՀՀ-ում արտագաղթը կանխարգելելու ուղղությամբ իրականացվող ծրագրերով, Գյումրիում երիտասարդության շրջանում մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներով։
Աշակերտներն ու ուսուցիչները նաև հետաքրքիր առաջարկ են արել՝ հորդորելով ստեղծել աշակերտական խորհրդարան, որը կմասնակցի կրթական ծրագրերի վերաբերյալ հարցերի քննարկմանը։
Ճանաչողական այցի շրջանակում դպրոցականները շրջել են խորհրդարանում, եղել Ազգային ժողովի թանգարանում և գրադարանում։
















